Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով բերման է ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» 6 անդամի:

 

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ' խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում, «Հիմնադիր խորհրդարան»-ի որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 225. 1 հոդվածի 1-ին մասով (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք:

 

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Երևան քաղաքում և մի շարք այլ համայնքներում Հռոմի Պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն:

 

Մեր քաղաքացիներին կրկին խնդրում ենք ցուցաբերել օրինավորություն և ենթարկվել հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ: