Շատերը գիտեն` աշխարհի ժողովուրդների շարքում հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք, ի տարբերություն աշխարհի շատ ու շատ ժողովուրդների, ունենք սփյուռք, դրսում մեծ հաջողությունների հասած հայրենակիցներ, որոնք կարողացել են այն երկրներում, որոնցում ապրում են, բարձր պահել մեր ժողովրդի պատիվն ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնել բարձունքների, որոնց մասին միգուցե այլ ժողովուրդներ կարող են միայն երազել. մենք ունենք կայացած սփյուռք, ինչը մեզ թույլ է տալիս ասելու, որ հայերը, ինչպես և հրեաները, համաշխարհային ազգ են, որ իրենց անգնահատելի ավանդն են բերել մարդկային քաղաքակրթության զարգացման ու առաջընթացի գործում: Բայց ի տարբերություն հրեաների, որոնք կարողացել են իրենց սփյուռքի միջոցով Իսրայելը չափազանց կարճ ժամանակահատվածում վերածել աշխարհի չհայտարարված գերտերության, մենք` հայերս, այդպես էլ մինչև վերջ չենք կարողանում արժևորել մեր ունեցած մի բուռ հողն ու համատեղ ջանքերով վերջնականապես ու անշրջելիորեն կայացնել Հայաստանի Հանրապետությունը. ինչո՞ւ:


Պատճառները, թերևս, տարբեր են` աշխարհաքաղաքական գործոններից մինչև ներքին անկազմակերպվածություն:

 

Ի դեպ` վերջին հանգամանքը ամենավճռորոշը կարելի է համարել: Հանրահայտ է`բիզնեսը ազգություն, դավանանք, աշխարհագրություն չի ճանաչում. փողը հոսում է այնտեղ, ուր ստեղծված են լավագույն պայմանները` բիզնես ծավալելու, շահույթ ստանալու համար: Ինչ խոսք` Հայաստանն այս առումով քիչ բան ունի պարծենալու, որքան էլ կառավարությունը` դիցուք էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, փորձի ամերիկայահերին համոզել,թե արվում է ամեն բան Հայաստանի բիզնես դաշտը կարգի բերելու, մեր երկրում գործ սկսելը ձեռնտու զբաղմունք դարձնելու համար. վերջերս Մինասյանը հայաշատ Գլենդել քաղաքում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի գործարարների հետ այդ ընթացքում անդրադառնալով խնդիրների, որոնց շուրջ Հայաստանի կառավարության աջակցությամբ և հանձնարարականներով իբր փորձ է արվում լուծումներ գտնել։ Ինչպես և կարելի էր եմթադրել, Մինասյանը, «սազը ձեռքին», սկսել է գովերգել հայրենի կառավարությանն ու բիզնեսմեններին հավաստիացրել, թե երկրում ստեղծված է բարենպաստ մթնոլորտ երաշխավորելու հնարավոր ներդրումների անվտանգությունը:

 

Եթե փորձենք գնահատական տալ Միանսյանի հայրենասիրական նկրտումներին ու փորձենք հասկանալ` որքանո՞վ են հիմնավորված եղել նրա այդօրինակ պնդումները, ցավով պետք է արձանագրենք, որ փաստացի` բացի «ջուր ծեծելուց» ու, ըստ էության, մարդկանց սխալ ինֆորմացիա տալուց Մինասյանը Գլենդելում ուրիշ ոչինչ չի արել միգուցե մոռանալով, որ «մեղր ասելով` մարդու բերանը չի քաղցրանում»: Հետաքրքրիր է` որքանո՞վ կարելի է համահունչ համարել Մինասյանի խոսքերը ասենք նոր Հարկային օրենսգրքի տրամաբանությանը` օրենսգիրք, որ, ըստ էության, հիմք է դնում Հայաստանի տնտեսության կործանման` սպառնալով նաև օտարերկրյա ներդրումների ներգրավմանը. դիվիդենտների հարկում, ամորտիզացիոն մասհանումների ժամկետների ավելացում և այլն. սրանք են այն կործանարար նորամուծություններից մի քանիսը, որ նախատեսվում է ասպարեզ իջեցնել նոր օրենսգրքով:

 


Ուզում ես զտարյուն հայ եղիր, ուզում ես` մաքուր մոնղոլ, միևնույն է` երբ քեզ առաջարկվում է ներդրումներ անել մի երկրում, ուր բիզնեսի համար գրեթե ոչինչ գրավիչ չկա, իսկ համատարած կոռուպցիան ու կաշառակերությունը սովորական բան են դարձել, չես կարող բացառապես հայրենասիրական զգացմունքներից մղված` «փողդ լցնես առուն». այդպես արդար չի լինի պարզապես:

 

Այնպես որ, Մինասյանը, գլենդելահայերին հյուրընկալվելուց առաջ, լավ կլիներ, եթե նախ կարգավորեր իրենց լուծմանը սպասող ինչ-ինչ խնդիրներ,ապա ամերիկահայերին Հայաստան հրավիրելուց առաջ, բարի լիներ, ապահովեր այնպիսի մթնոլորտ, որ այդ մարդիկ, գալով այստեղ, մինչև կոկորդները կեղտում չթացվեն, այլ կարողանան սեփական միջոցներով շենացնել իրենց հայրենիքը, որը վաղուց է զգում իր զավակների աջակցության կարիքը…

 

Դավիթ Բաբանով