Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսք է հղել իր այցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում։

 

«Ձերդ Սրբություն,

 

հույժ սիրելի Եպիսկոպոսներ,

 

սիրելի եղբայրներ և քույրեր,

 

այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջը բարձրացնել իմ շնորհակալությունը՝ միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք, թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին են բնակվում» (Սղ 133,1):

 

Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրվեցինք, միասին աղոթեցինք, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները, Քրիստոսի Եկեղեցու, որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, և հավատացած ենք և զգում ենք, թե մեկ է: «Մե՛կ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը [...]. մե՛կ Տեր, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն: Մե՛կ Աստված և Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ և մեր բոլորի մեջ» (Եփ 4,4-6). իրոք կարող ենք ուրախությամբ մերը դարձնել Պողոս առաքյալի այս խոսքերը:

 

Հենց սուրբ Առաքյալների հիշատակին հանդիպեցինք․ Սուրբ Բարդուղիմեոս և Թադեոս, որ առաջին անգամ քարոզեցին Ավետարանը այս աշխարհում, և սուրբ Պետրոսն ու Պողոսը, որ Հռոմում իրենց կյանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագավորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են՝ տեսնելով մեր սերն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդության:

 

Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար և ձեզ հետ. Փառք Աստծո: Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսավոր երեքսրբյանը բարձրացավ երկինք՝ օրհնաբանելով Աստծո սրբությունը։ Ամենաբարձրյալի օրհնությունը առատորեն իջնի երկիր՝ Աստվածամոր, մեծ սրբերի և վարդապետների, մարտիրոսների և հատկապես բազմաթիվ նահատակների բարեխոսությամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք:

 

«Միածինը, որ այստեղ իջավ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին պարգևի մեկ սիրտ, մեկ հոգի. մեզ այցելի միության մեջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան՝ իմը դարձնելով սքանչելի խոսքերից ոմանք, որ ձեր Ծեսի մեջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխոս ես մեզ համար, անմռունչ հեծություններով ողորմած Հոր մոտ, որ սրբերին պահում ես և մեղավորներին մաքրում», թող իջնի մեր վրա քո սիրո և միության կրակը, և «այս կրակով հալվեն մեր գայթակղության պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատյան ողբերգության, 33,5), նախևառաջ միության պակասը Քրիստոսի աշակերտների միջև: Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի «ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհներին, որ Աստված տվել է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագործության մեծ խորհրուրդը՝ իրագործված Տեր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիվ» (Սրբազան Հոր խոսքեր Աստվածային Ծիսակատարության ընթացում, Սուրբ Գևորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014): Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնին, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում:

 

Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը, որ ներում և հաշտվում է: Ինչպես Առաքյալները Զատկի առավոտը, տարակուսանքով և անվստահություններով հանդերձ, վազեցին հարության վայրը, նոր հույսի երջանիկ արևագալից դյութված (հմմտ. Յվ 20,3-4), նույնպես մենք ևս, այս սուրբ Կիրակի, հետևում ենք Աստծո կանչին՝ կատարյալ միության, և արագացնենք մեր քայլերը: Իսկ այժմ, Սրբություն, Աստծո անունով, խնդրում եմ, որ Ինձ օրհնեք, օրհնեք Ինձ և Կաթողիկե Եկեղեցին, օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն»։