Նիգերիայի զինված ուժերը ազատ են արձակել զինյալների կողմից երկրի հյուսիս-արևելքում պատանդ վերցված հինգ հազար մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ բանակն այդ մասին հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

 

Հայտարարության մեջ ասվում է, որ Նիգերիայի զինված ուժերը ահաբեկիչներին դուրս են մղել Բորնո նահանգի մի քանի գյուղերից. վեց մարդ զոհվել է, հինգ հազար պատանդ ազատ է արձակվել:

 

Նիգերիայում գործում է «Բոկո Հարամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումը: Նրա զինյալները հանդես են գալիս արևմտյան կրթության դեմ և ձգտում են ամբողջ երկրում տարածել շարիաթ: Խմբավորումը կանգնած է ահաբեկչությունների մեծ մասի հետևում, որոնք պատասխանն են Նիգերիայի, Քամերունի և Չադի՝ խմբավորման դեմ պարբերաբար իրականացվող ռազմական արշավներին: