Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Ռուսաստանը համարել է «էքզիստենցիալ սպառնալիք» ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և ողջ աշխարհակարգի համար։ Այս մասին հայտնում է xakac.info-ն:

 

Foreign Affairs ամսագրում հրապարակված «ՆԱՏՕ-ի հաջորդ քայլերը. Ինչպես վարվել Ռուսաստանի և այլ սպառնալիքերի հետ» էսսեում Բրիդլավը պատմել է, որ 2013-ի մայիսին պաշտոնի անցնելով՝ ինքը հայտնաբերել է, որ թեև Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերը հիանալիորեն զինված են, սակայն զինվորականները վատ են նախապատրաստված արդիականության մարտահրավերներին, մասնավորապես՝ ռուսական ագրեսիային և փոփոխություններին՝ կապված Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում շարունակվող անկայունության հետ։

 

«Եվրոպայում ցանկացած ռազմավարության հիմք պետք է դառնա գիտակցումն այն բանի, որ Ռուսաստանն իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների ու աշխարհակարգի համար անժամկետ էքզիստենցիալ սպառնալիք։ Ռուսաստանը մտադիր է կրկին դառնալ համաշխարհային տերություն, իր հավակնությունները նա ցույց է տվել, մասնավորապես, Բալթիկ ծովում ամերիկյան ականակիր նավերի վրա ռազմական ինքնաթիռների հարձակման իմիտացիայով և ԱՄՆ առափնյա գծի երկայնքով ռազմավարական ռմբակոծիչների թռիչքների վերսկսմամբ»,- կարծում է զինվորականը։

 

«Բացի այդ, Ռուսաստանի ներխուժումը Սիրիա' ցույց է տվել արտերկրում իր ազդեցությունն ընդլայնելու Մոսկվայի ցանկությունը»,- հավելել է գեներալը։

 

«Չնայած Ռուսաստանի աճող ռազմատենչությանը՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ դաշնակիցները պատշաճ կերպով պատրաստված չեն բաց ռազմական ագրեսիային արագ արձագանքելուն։ Նրանք նաև բավարար չափով պատրաստ չեն դիմակայելու հիբրիդային պատերազմին, որը Մոսկվան վարել է Ուկրաինայի արևելքում»։

 

Այդ մարտահրավերներին լավագույնս պատրաստվելու համար ԱՄՆ-ը պետք է ուժեղանա Եվրոպայում և ճանաչի Ռուսաստանը' որպես անժամկետ գլոբալ սպառնալիք, եզրափակել է Բրիդլավը։