Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ամենաքննակրկվող թեմաներից մեկը՝ վերաբերող երկրի տնտեսական կյանքին, էլեկտրաէներգիայի սակագների իջեցումն է, ինչից, ըստ երևույթին, իշխանությունները փորձեցին իսկական շոու սարքել՝ իբր հանրությանն ապացուցելու, թե մի մեծ գործ են անում, սակագին են իջեցնում. տեղյակ են ժողովրդի դարդուցավին, պատրաստ են մարդկանց «դարդին դարման անել»:


Չհասկանալու համար այս թատերական ներկայացման ողջ կեղծավորությունն ու դատարկությունը, սակայն, պետք է առնվազն վերջին հիմարը լինել, քանի որ նույնիսկ առաջին դասարանի երեխայի համար էլ պարզ է՝ մի մեծ բան չեն անում, երբ միանգամայն արհեստականորեն 48 դրամ դարձրած սակագինը մի քանի կոպեկով ստիպված էժանացնում են՝ վախենալով մարդկանց ռեակցիայից (գազի գինը ՌԴ-ն էժանացրել էր, ինչին ի պատասխան, ուզած-չուզած, պետք է որոշակի էժանացման գնային):


Այն, որ Հայաստանի ամենայուղոտ պաշտոններից մեկը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնն է, առանձնակի ապացույցների կարիք չի զգում: Սրա պատճառը, թերևս, ոլորտում տարիներով արմատացած չարաշահումներն ու կոռուպցիան է, որ անաշխատ եկամտի աղբյուր է դարձել հատկապես այս ոլորտը համակարգող նախարարների համար.քանի կար, Երվանդ Զախարյանն էր օգտվում կյանքի բարիքներից՝ այդպես էլ լուծում չտալով ոլորտի խնդիրներին, հիմա էլ Սուրեն Յոլյանին են բերել այս պաշտոնին՝ իբր ինչ-ինչ բարեփոխումներ անելու խոստումով:

 

Ինչպես համապատասխան ուսումնասիրություններն են փաստում, Յոլյանն այստեղ շատ անելիքներ ունի. հեղինակավոր կազմակերպություններից մեկի կատարած անկախ դիտարկումը ցույց է տվել, որ չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, սակայն Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը շարունակում է ամենաբարձրերից մնալ:

 

Ինչպես պարզաբանում են համապատասխան մասնագետները սույն ուսումնասիրությունում՝ այս ամենը հետևանք է էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող քիմիական գործարաններին և պետական պաշտոնյաների կողմից վերահսկվող հիմնադրամներին կատարվող ֆինանսական փոխանցումների, էլեկտրաէներգիայի վարձերը չվճարելու, անպատասխանատու գնային քաղաքականության (չի բացառվում, որ ներկայիս սակագների պայմաններում կոռուպցիայի հետևանքով բնակչության կրած կորուստները կազմեն տարեկան առնվազն 250 միլիոն ԱՄՆ դոլար, որի զգալի մասը հոսելու է պետական կոռումպացված պաշտոնյաների գրպանները): Այսինքն՝ ստացվում է նույն պատկերը, ինչ բոլոր ոլորտներում է. արտոնյալները, ի հաշիվ հասարակների, պարարտանում են՝ առանց դույզն ինչ մտածելու այդ ամենի հետևանքների մասին:

 

Պետք է ենթադրել, որ Յոլյանը, նախքան սեփական պաշտոնը ստանձնելը, գոնե որոշակիորեն պետք է որ տեղյակ լիներ այն բոլոր խնդիրների մասին, որ ներսից ուտիճի պես քրքրում են համակարգն ու հստակ պլան ունենար՝ հարցերը կարճ ժամանակահատվածում կարգավորելու համար:

 

Դատելով, սակայն, այն բանից, որ սույն չինովնիկն առանձնապես աչքի չի ընկնում յուր նախաձեռնողականությամբ ու չի շտապում կտրուկ շարժումներ անել՝ դեռևս, ըստ էության, չունենալով վերադասի թույլտվությունը, կարելի է հաստատ ասել՝ իրականում ոչ մի բարեփոխումների էլ չի գնալու ու շարունակողն է լինելու իր անփառունակ նախորդի՝ Զախարյանի թալանչիական քաղաքականության, որը տարիներով ծծեց-քամեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը՝ կանգնած լինելով կոռուպցիոն բուրգի ամենավերևում…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ