Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհրաժեշտ է համարում կանխել Մեծ Բրիտանիայից հետո այլ անդամների դուրս գալը Եվրամիությունից:

 

Այդ մասին նա հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության վարչության տեսախորհրդաժողովի ընթացքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

«Մերկելը հայտարարել է, թե անհրաժեշտ է թույլ չտալ, որ մյուս երկրները, հետեւելով Մեծ Բրիտանիային, գնան ԵՄ-ից դուրս գալու ճանապարհով»,-գործակալությունը մեջբերում է տեսախորհրդաժողովին մասնակցած երկու աղբյուրի խոսքերը:

 

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում բրիտանացիների 51 տոկոսը քվեարկել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու օգտին, դեմ է արտահայտվել 48,1 տոկոսը:

 

ԳՖՀ-ի կանցլերն ավելի վաղ հանրաքվեի արդյունքը գնահատել է «արմատական բեկում Եվրոպայի, եվրոպական միավորման գործընթացի համար», սակայն ընդգծել է, որ «Եվրամիությունը բավականաչափ ուժեղ է, որպեսզի ճիշտ պատասխաններ գտնի այսօր ստեղծված իրադրությունը շտկելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: