Առաջին քրիստոնյա երկիր' Հայաստան կատարած պատմական այցից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախքան Վատիկան վերադառնալը այցելել է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը' աղոթելով Տիրամոր սրբապատկերի առաջ:

 

Ինչպես հաղորդում է news.va-ն, Հռոմի Սրբազան Քահանայապետը գոհություն է հայտնել Տիրամորը' առաքելական այցելության դրական արդյունքի համար:

 

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին' «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով' համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ' Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան Քահանայապետը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ: Նույն օրը Պապը մեկնել է Վատիկան: