Դեռևս վաղ շրջանից մարդկությունն ուսումնասիրել է երկինքը, աստղերի ու նրանց դասավորության, շարժումների վրա է բևեռվել հատկապես քրմերի, գիտնականների, գուշակների ուշադրությունը, ոմանք զբաղվել են աստղաբանությամբ: Արդյոք կա՞պ կա աստղագիտության ու աստղաբանության միջև: Հնարավո՞ր է արդյոք միանշանակ պնդել' աստղաբանությունը գիտությու՞ն է, արվե՞ստ, թե մարգարեություն կամ գուշակություն: Այս և այլ հարցերի շուրջ է մեր խոստացած  հարցազրույցը Վիկտոր Համբարձումյանի անվան՝ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, Հայաստանում օրերս կազմակերպված «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» գիտաժողովի մասնակից Անահիտ Եղիազարյանի հետ:

 

Իրատեսակա՞ն է արդյոք համարել, որ երկնային լուսատուների, աստղերի ու մոլորակների դասավորվածությունը հնարավորություն է ընձեռում միանշանակ կանխորոշելու Տիեզերքում Արեգակնային համակարգի՝ Երկիր մոլորակի վրա ապրող բուսական ու կենդանական աշխարհի, առանձին մարդկանց կամ մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը:

 

- Աստղաբանությունը հիմնվում է աշխարհի համակարգվածության սկզբունքի վրա, ընդունելով, որ տիեզերքը հանդիսանում է տրամաբանորեն կազմակերպված համակարգ: Եթե Գալիլեյը, Կեպլերն ու Կոպերնիկոսը աստղաբանությունը դիտարկել են աստղագիտության հետ սերտորեն կապակցված, ապա հետագայում աստղաբանությունը վերածվել է վերլուծական հոգեբանության մի որոշակի բնագավառի:

 

Այսպիսով, կառուցվել է մի համակարգ, որտեղ Կենդանակերպի շրջանի յուրաքանչյուր նշանին (Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս, Ձկներ) համապատասխանեցվել է որոշակի մոլորակ, բնության տարր (ջուր, հող, կրակ, օդ), բույս, մետաղ, քար, գույն, ձայնանիշ (նոտա), թիվ, աշխարհագրական վայր:

 

Հայտնի է, որ Պլուտոնն ու Արիստոտելը մարդուն իր կառուցվածքով նմանեցրել են Տիեզերքին: Համենայն դեպս, Արեգակի ծագման ու մայրամուտի, ցերեկվա ու գիշերվա հերթափոխությունը համապատասխանում է մարդկային կենսակերպի պարբերականությանը:


Աշխարհընկալման ու կյանքի օրինաչափությունների ուսումնասիրություններից ելնելով՝ աստղաբանական իմացությունը բաժանվում է մի քանի բնագավառի:

Աշխարհագրական աստղաբանությունը հիմնականում զբաղվում է բնական երևույթների (հրաբխային ժայթքումների, ջրհեղեղների, երկրաշարժերի) կանխատեսմամբ: Այն ուսումնասիրությունների առավել հին բնագավառ է, որտեղ դիտարկվել են բնական աղետներն ու մարդկային ճակատագրի վրա նրանց ազդեցության հետևանքները:

 

Պատմական աստղաբանությունն առավելապես զբաղվել է նշանավոր մարդկանց, քաղաքական գործիչների, ազգերի ու ժողովուրդների ճակատագրերի կանխատեսումներով: Պատմական աստղաբանության միջնադարյան նշանավոր ներկայացուցիչ, ֆրանսիացի բժիշկ Միշել դե Նաստրե Դամը 1555 թվականին սկսեց հրապարակել իր կանխատեսումների ցանկը «Մաեստրո Միշել Նաստրադամուսի մարգարեություններ» աշխատության մեջ:

Գենետիկ աստղաբանությունն ուսումնասիրում է մարդ-անհատին ու նրա ապագան՝ հիմնվելով նրա ծնված պահին երկնային մարմինների փոխդասավորվածության փաստի վրա:

 

Կանխատեսական աստղաբանությունը դիտարկում է մարդու կենսագործունեությունը՝ ելնելով երկնակամարում աստղերի ու մոլորակների ունեցած դիրքից: Հենց կանխատեսական ու գենետիկ աստղաբանության հիման վրա էլ կառուցվում են ժամանակակից հորոսկոպները:

 

Իսկ ի՞նչ կարող եք ասել եվրոպական ու չինական աստղաբանությունների վերաբերյալ:

 

- Եվրոպական աստղաբանությունը հիմնվում է մարդու ծննդյան տվյալներով պայմանավորված Կենդանակերպի շրջանի համապատասխան նշանի, կառավարող մոլորակի ու բնության համապատասխան տարրերի վրա: Այդ տվյալները ներկայացված են 20-րդ դարի հայտնի գերմանացի աստղաբան Նիկոլաս Գրոսի կողմից:


Ի տարբերություն եվրոպականի՝ չինական աստղաբանությունը հիմնվում է ոչ թե Արեգակնային համակարգի ու կենդանակերպի նշանների, այլ Լուսնի ու լուսնային փուլերի վրա, որը բաղկացած է 12 լուսնային տարուց: Ամեն մի լուսնային տարվան համապատասխանում է առասպելական որոշակի կենդանի (առնետ, գոմեշ, վագր, կատու, վիշապ, օձ, ձի, այծ, կապիկ, աքաղաղ, շուն, խոզ): Չինական աստղաբանները համոզված են, որ մարդու հզորությունն ու թուլությունը, իմաստությունն ու հիմարությունը, բարությունն ու դաժանությունը պայմանավորված են տվյալ տարին կառավարող կենդանու ազդեցությամբ:

 

Աստղաբանության առնչությամբ գիտական ինչ-որ ուսումնասիրություններ կատարվե՞լ են:

 

- Ժամանակակից համակարգիչների օգնությամբ՝ մաթեմատիկական վիճակագրության օրենքների հիման վրա կառուցված աստղաբանական աղյուսակները հնարավորություն են տալիս առավել բազմակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրել ու քննարկել մարդկային հոգեբանության կառուցվածքը:

 

Միլիոնավոր մարդիկ, որոնք ծնվել են միևնույն ամսին ու միևնույն օրը, ընդգրկվում են աստղաբանական նույն խմբի մեջ, քանի որ, ըստ աստղաբանների, նրանց համախմբում են բնավորության նման գծերը, արարքների դրդապատճառներն ու վարվեցողության նախատիպերը: Բայց հաճախ էլ հանդիպում են միևնույն տարվա նույն ամսի նույն օրը, երբեմն էլ նույնիսկ նույն ժամին ծնված մարդիկ, որոնք տրամագծորեն տարբերվում են թե՛ իրենց աշխարհայացքով, թե՛ նախասիրություններով, թե՛ կենսակերպով ու վարվելակերպով:

Այսպիսով, աստղաբանության օգնությամբ գուցե թե հնարավոր է կանխատեսել մարդկանց բնավորության գծերը, ինչն իր հերթին կարող է օգնել աշխարհի ու կյանքի վերաբերյալ ճիշտ դատողությունների ու հասկացողությունների ձեռքբերման գործընթացում:

 

Ի՞նչ են կանխատեսում մեզ ժամանակակից առավել հայտնի աստղագուշակները:

- Ըստ աստղագուշակների՝ արդի արևմտյան դպրոցի հռչակավոր ներկայացուցիչ Աննա Օ’ Սթորքի, որը համարձակորեն կանխագուշակում է երկրագնդի աշխարհամասերի ու պետությունների ապագան 21-րդ դարի առաջին կեսի համար, Եվրոպան դառնալու է միացյալ պետություն՝ առանց Մեծ Բրիտանիայի (այս կանխատեսումը կատարվել է Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեից բավական առաջ), ԱՄՆ-ի գերիշխանության հասնելու ձգտումը հանգեցնելու է մուսուլմանական երկրների միավորմանն ու իսլամի զորացմանը, Աֆրիկայի երկրների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը: Տարրերային աղետներից կործանվելու է Ճապոնիան, իսկ Ռուսաստանը, հաղթահարելով դժվարությունները, դառնալու է առաջատար մի պետություն:

 

Սակայն, մի՞թե իրատեսական է տիեզերքի անհունի մեջ փոշեհատիկի՝ մարդու, կյանքի ու ճակատագրի կանխատեսումը, առավել ևս՝ ժողովուրդների ապագայի ու քաղաքակրթության զարգացման: Ի վերջո, հնարավո՞ր է արդյոք միանշանակ պնդել' աստղաբանությունը գիտությու՞ն է, արվե՞ստ, թե մարգարեութուն կամ գուշակություն:

 

- Ամենայն հավանականությամբ, աստղաբանությունը աստղագիտական տվյալների վրա հիմնված մարգարեության արվեստ է:

 

Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի