Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային խոցված «Սու-24» ռմբակոծիչի համար: ՌԻԱ «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ռուս առաջնորդին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցության խոսքեր հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Մոսկվան Անկարայի համար ռազմավարական գործընկեր է:

 

Երկկողմ հարաբերությունների նորմալացման համար ռուսական իշխանություններն անհրաժեշտ են համարել, որ Անկարան ոչ միայն ներողություն խնդրի, այլև փոխհատուցի վնասը։

 

«Նամակի բովանդակությունը պարզ է: Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք խոցված ինքնաթիռի համար: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,-TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յըլդըրըմը: