Այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Ռուսաստանի դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածարշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը նախորդ տարի ստորագրվել է Մոսկվայում:

 

Հարակից զեկուցող Արտակ Զաքարյանին հարց տվեց ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շեշտելով որ մենք համաձայնագրի 6-րդ հոդվածով լայն լիազորություններ ենք տրամադրում ՌԴ-ին:

 

Պատգամավորը նկատում է, որ ՌԴ-ն մեզ համար հուսալի գործընկեր չէ, քանի որ չի դադարում զինել թշնամական Ադրբեջանին.

 

«Տվյալ պարագայում, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործընկերությունը, գովերգում եք և իրենց իրավասություններ եք հանձնում, իրենք էլ օգտագործելով իրավասությունները, ինչպես смерч-ներ և солнцепек-ներ էին վաճառում, նույն ձևով մեր ունեցած տեղեկատվությունը իրենք օգտագործելու են և փոխանցելու են թշնամիներին, պետք չէ լինել փորձագետ և մասնագետ՝ հասկանալու, որ սա ուղղակի դավաճանություն է: Այս համաձայնագիրը բերվեց խորհրդարան, բայց դանդաղկոտություն ցուցաբերվեց և պարոն Սերժ Սարգսյանը մեկնեց Պետերբուրգ, միայն այնտեղից գալուց հետո այս համաձայնագիրը արտահերթով մտավ խորհրդարան և դրվեց վավերացման, ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը, և ո՞րն է այդ ապօրինի գործարքի առաջիկա, հաջորդ դավաճանական քայլը նրա կողմից, ի՞նչն է այս առուվաճառքի էությունը, միգուցե այն, որ «Ռոյթերսին» ներկայացնում էր ձեր վերընտրվելու մասին, միգուցե դա՞ է պայմանավորվել այս խուլիգանական փաստաթղթի դիմաց»,- հարցրեց պատգամավորը:

 

Արտակ Զաքարյանը պատասխանելով Զարուհի Փոստանջյանին՝ ասաց, որ պատգամավորի համար բոլորը դավաճաններ են, և իրենից բացի բոլորը գործից չհասկացողներ են:

 

«Բացի ձեր անհայտ ծագման և կասկածելի հարցադրումներից, մնացած բոլոր հարցադրումները արհեստական են, մենք դրան արդեն սովորել ենք, ցավոք, և հուսով ենք, շատ երկար շարունակություն չի ունենա»: