Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից ամերիկյան Հյուսթոն քաղաքում 2015 թվականի աշխարհի առաջնության նորացված արդյունքների հրապարակումից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է ծանրամարտի օլիմպիական բոլոր լիցենզիաներից:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանից հետ են վերցրել աշխարհի անցյալ տարվա առաջնության արդյունքներով խթանիչներ օգտագործած վեց ծանրորդների միավորները: Արդյունքում տղամարդկանց օլիմպիական աղյուսակում Ադրբեջանը 16-րդ տեղից իջել է 31-րդ տեղը, ինչի համար այդ երկրին Ռիոյում 2016 թվականի Օլիմպիադայի մասնակցության թույլտվություն չի հասնում, քանի որ քվոտաները ստանում են միայն 24 լավագույն երկրները: Ռիոյի Օլիմպադա չեն մեկնի նաեւ Ադրբեջանի կին ծանրորդները, որովհետեւ կանանց ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 26-րդ տեղը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար: