Վերջին տարիներին հայաստանյան տնտեսության գահավիժման տեմպերը, թերևս, կարելի է անօրինակ համարել. միայն անցած տարվա ընթացքում հազարավոր ՓՄՁ-ներ են սնանկ ճանաչվել, ֆինասնական խնդիրների պատճառով կասեցրել տնտեսական գործունեությունը: Թե կոնկրետ որքան է կազմել նման ձեռնարկությունների թվաքանակը, դժվար է հստակորեն նշել, բայց մի շարք հեղինակավոր մասնագետներ ու ոլորտի փորձագետներ համոզված պնդում են, որ դրանց թիվն անցնում է 10000-ը, ինչը, համաձայնե՛ք, չափազանց մեծ թիվ է մեզ պես փոքրիկ հանրապետության համար, ուր սուղ պակաս է զգացվում աշխատատեղերի, իսկ բնակչության զգալի մասը տարիներ ի վեր տառապում է կայուն եկամտի աղբյուր չունենալուց:


Այն, որ ցանկացած երկրի համար ֆինանսաբանկային համակարգն ունի կենսական նշանակություն ու հիմնահենքային դերակատարություն տնտեսության զարգացման հարցում, հայտնի ճշմարտություն է. հենց բանկերի կողմից բնակչությանը տրամադրվող վարկերի շնորհիվ է հնարավոր դառնում երկրում տնտեսության կենսագործունեությունն ու բիզնեսների առաջընթացը, առանց որի երկիրը լճանում է, վերածվում հոտած ճահճի: Ինչպես հայտնի է, Հայաստանում կա մի պետական կառույց՝ Կենտրոնական բանկը, որը մշակում ու սահմանում է խաղի այն կանոնները, որոնց պարտավորվում են հետևել հայաստանյան բոլոր բանկերը: Բանից պարզվում է, սակայն, որ ասենք ի տարբերություն նորմալ երկրների համապատասխան գերատեսչությունների՝ մեր ԿԲ-ն զբաղված է ոչ թե երկրի տնտեսական կյանքը աշխուժացնելու համար անհրաժեշտ ուղիներ փնտրելով ու դրանք ռեալիզացնելով, այլ՝ մարդկանց կյանքը բարդացնելով, տնտեսության հերը վերջնականապես ու անդառնալիորեն անիծելով. չնայած ԿԲ-ը ներկայումս ունի բոլոր հնարավորությունները՝ վարկերի տոկոսները կտրուկ կերպով իջեցնելու ու դրանով իսկ թարմ լիցք հաղորդելու մեր երկրի տնտեսական կյանքին, սակայն նախընտրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել ընդամենը 0.25%-ի չափով՝ այն սահմանելով 7.5%, ինչն աներկբա վկայությունն է այն բանի, որ Ջավադյանը ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ժողովրդին ընդառաջ՝ նախընտրելով այն մեռելային կայունությունը, որ իշխող է դարձել Հայաստանի տնտեսությունում երկար տարիներ ի վեր:

 

Արթուր Ջավադյանի որդեգրած այսօրինակ քաղաքականության պատճառները, թերևս, կարող են տարբեր լինել՝ ֆինանսականից մինչև քաղաքական: Բայց մինչ հանրությունը կփորձի հասկանալ այս մարազմատիկ ֆինանսական քաղաքականության բուն պատճառները, դրա հետևանքով օրեցօր շարունակելու են ավելանալ գործազուրկները, բանկերից թալանվածները, փակվող բիզնեսներն ու արտագաղթող քաղաքացիները: Այս ամենին էլ, եթե գումարենք նոր Հարկային օրենսգրքի անհեթեթ պոստուլատներն ու Հայաստան հոսող տրանսվերտների կտրուկ կրճատումը, պարզ կդառնա, որ մեզ գոնե տեսանելի ապագայում լավ բան չի սպասվում. մարդիկ, ինչպես ասում են, նպատակամիտված դատարկում են երկիրը, ինչին հակազդել ոչ մի կերպ չենք կարողանում և ինչին հասարակ ժողովուրդը արձագանքում է միայն մեկ կերպ. արտագաղթում է, լքում հայրենի եզերքը:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ