Տաթևի վանքում նեկայացվեց ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց նվիրված «Գոբելենների մեջ թաքնված նամակներ» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 60 ձեռագործ աշխատություններ, որոնց հեղինակներն են ինը կանայք՝ Ղարաբաղյան հակամարտությունում անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները՝ Արարատի մարզից:

 

Ցուցահանդեսին ներկա էին նաև տարբեր մարզերից անհայտ կորած անձանց ավելի քան 100 ընտանիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սոցիալ-հոգեբանական ծրագրի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը նշեց, որ արվեստի միջոցով այս կանայք հանրությանը ներկայացնում են սիրելիների կորստի հետ կապված տառապանքը հաղթահարելու իրենց սեփական փորձը:

 

«Այս ցուցահանդեսը կազմակերպվել է անհայտ կորած ընտանիքների անդամներին սատարելու և աջակցելու համար: Այս կանայք մոտ մեկ տարվա ընթացքում ձեռք են գոբելեններ գործելու հմտությունը: Նրանք 20 տարուց ավել անորոշության մեջ են՝ սպասելով իրենց անհայտ կորած հարազատին, և այս աշխատանքին նվիրվելը մի միջոց է այդ դատարկությունը լցնելու և իրենց հիմնախնդիրը ներկայացնելու»,- ասաց Լուսինե Մկրտչյանը: Նրա խոսքով՝ այսպիսի միջոցառումներ կազմակերպվում են 2011 թվականից և արդեն ավանդույթ են դարձել, որպեսզի անհայտ կորած անձանց ընտանիքների անդամնե րը հավաքվեն և միասին հարգանքի տուրք մատուցեն իրենց հարազատներին:

 

Ցուցահանդեսին ներկա էր նաև «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ այս միջոցառումը, որը կազմակերպել է ԿԽԿՄ-ն, շատ հրաշալի նախաձեռնություն է:

 

«Կարծում եմ, որ սա հրաշալի նախաձեռնություն է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամենադառը ժամանակ արվեստը միշտ մնացել է և մնում է հոգևոր արժեք»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: