ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:

 

«Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ: Ընկերությունը նշում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում ԵՄ չափանիշներին համապատասխանող նմանատիպ ապրանքներ չեն արտադրվում:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

 

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Մինասյանը:

 

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա: