Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև պետերբուրգյան հանդիպումից հետո բոլորը խոսում էին կարգավորման գործընթացում Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի դերակատարության մեծացման մասին: Մյուս կողմից, հատկապես Ալիևի վերջին կտրուկ ելույթից հետո, միայն միամիտները կարող են հավատալ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման հեռանկարին: Հակամարտող կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են, ինչը ենթադրել է տալիս, որ կարգավորման գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի և Մոսկվան առավելագույնը փորձում է պահպանել ստատուս քվոն, ինչը, շատերի պնդմամբ, բխում է հենց ռուսական շահերից: 

 

Մինչդեռ Եվրոպայում այլ կարծիքի են և պնդում են, որ ստատուս քվոն տևական պահպանել հնարավոր չի լինի: Այս մասին հունիսի 29-ին Երևանում հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

 

Նույն օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյը հայտարարեց` Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր բանաձևի համար: Հատկանշական է, որ Էյրոյի հայտարարությունը հաջորդել է նրա ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը: Միամտություն է կարծել, թե Փարիզը Մոսկվայից խլում է կարգավորման միջնորդական առաքելությունը. դա իրատեսական չէ` մեր տարածաշրջանում Ֆրանսիայի ավելի սահմանափակ ազդեցությունը հաշվի առնելով: Ըստ ամենայնի Ռուսաստանն ինքն է, մարտավարական նկատառումներից ելնելով, զիջումնախաձեռնությունը, հատկապես որ մոտ ապագայում հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց կանխատեսելի չէ:


Սիրիական ճգնաժամը շարունակվում է, Եվրամիությունն անգլիական հանրաքվեից հետո քաղաքական ճգնաժամի մեջ է: Վաշինգտոնի օրակարգում այլ առաջնահերթություններ են: Նման իրավիճակում առաջնահերթ է համարվում Ղարաբաղում նոր լայնամասշտաբ պատերազմի կանխումը: Սա շատ լավ հասկանում են Մոսկվայում, Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում` անկախ հնչեցվող հայտարարությունների լավատեսական կամ հոռետեսական շեշտադրումներից:

 

Սարգիս Հակոբյան