Չէ, իսկապես, պատկերացնելը նույնիսկ դժվար է, չէ՞ որ խոսքը ոչ թե մեր թշնամու, այլ հենց մեր բանակի մասին է, իսկ հափշտակվածն էլ որ թե գոնե պահածոներ կամ տնտեսական ինչ-որ ապրանք է, այլ ռազմամթերք, որը հակառակորդի հարձակման դեպքում առաջինն է պետք գալու:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ալեքսանդր Պողոսյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, 2015թ. ապրիլ ամսից հուլիս ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված թիվ 18 մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ, զինաբուրգի մոտից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող մեկ հատ Ֆ1 տեսակի նռնակի պայթուցիչ:

 

Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, Ա. Պողոսյանը նույն մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ խրամուղու վերին հատվածից գտնելու միջոցով ապօրինի կերպով ձեռք է բերել թվով 80 հատ 7.62մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում ծառայություն իրականացնելու ժամանակ յուրացրել է ծառայության կրման համար իրեն հատկացված ռազմամթերք հանդիսացող թվով 80 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ:

 

Վերը նշված արարքների համար Ալեքսանդր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի («Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը») 1-ին մասի, 235-րդ հոդվածի («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») 1-ին մաս և 371-րդ հոդվածի («Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը») 1-ին մասի հատկանիշներով: