ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունենալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, անդրադարձել է նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

 

Քանի որ որևէ հիմք չկա մտածելու, թե ՀՀ նախագահը ստելով, ԱՄՆ պետքարտուղարին իրականությունը ներկայացրել է վարդագույն, ապա հիշյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքին Սերժ Սարգսյանի անդրադարձը նշանակում է առնվազն հետևյալը. Միացյալ Նահանգները տեղյակ է, որ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները: Օրինակ, Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածություններից մեկի համաձայն, ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար ադրբեջանական և արցախյան զորքերի շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմ և դիտորդներ պետք է տեղակայվեն: Սակայն, ինչպես հայտնի է, Ադրբեջանը դրանից հրաժարվում է:

 

Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մասնավորապես համաձայնել են ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը, սակայն դա նույնպես առ այսօր իրականություն չի դարձել, քանի որ ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն կատարվել: Ավելին. երեկ ադրբեջանական կողմը հեռահար հրաձգային զենքից գնդակոծել է ԼՂՀ Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց, սոսկ բարեբախտությամբ է, որ գնդակները չեն դիպել նրանց, չկան զոհեր կամ վիրավորներ: Այս իրողությունը նույնպես տրամագծորեն հակասում է Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածություններին' նպատակաուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող վստահության մթնոլորտի ստեղծմանը, որոնք Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ վերահաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

Վերը նշված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարվելուն տեղյակ են նաև պաշտոնական Մոսկվան ու Փարիզը, սակայն նրանց տեղյակ լինելուց էլ սայլը տեղից չի շարժվում: Այս ամենը նշանակում է, որ աշխարհի հզոր այդ երեք պետությունները կա՛մ անզոր են Ադրբեջանին պարտադրել հիշյալ պայմանավորվածությունների, այսինքն' իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող քայլերի կատարում, կա՛մ գործնականում չեն էլ փորձում դա անել ու սահմանափակվում են սոսկ ոչինչ չտվող հայտարարություններով, ընդ որում, անարդարացիորեն ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին: Այլևս հույս դնե՞լ միջազգային միջնորդների վրա, թե պատրաստվել պատերազմի…

 

Արթուր Հովհաննիսյան