Շվեդիայի Աշխատավորների կրթական հաստատությունը վերջնականապես դադարեցրել է համագործակցությունը Շվեդիայում թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի հետ, ինչն առաջին դեպքն է հաստատության ավելի քան 100-ամյա պատմության ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Շվեդական ռադիոն:

 

ԱԲՖ-ը (Աշխատավորների կրթական ասոցիացիա) շվեդական ամենախոշոր կազմակերպություններից է, հիմնադրվել է 1912 թ-ին Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և մի շարք այլ արհմիությունների կողմից։ Հաստատության մասնաճյուղեր են գործում Շվեդիայի գրեթե բոլոր քաղաքներում։ Հաստատության կրթական եւ մշակութային միջոցառումներին եւ դասընթացներին տարեկան մասնակցում են ավելի քան 3 մլն. մարդ։

 

Թուրքական համադրող կենտրոնի անդամակցությունը դադարեցվել է՝ հիմք ընդունելով այն, որ այն չի կիսում Շվեդիայի աշխատավորների կրթական ասոցիացիայի հիմնական արժեքները։

 

Ապրիլին, երբ Թուրքական համադրող կենտրոնի՝ այն ժամանակվա փոխնախագահ Բարբարոս Լեյլանին Ստոկհոլմում ադրբեջանական համայնքի կազմակերպած ցույցի ժամանակ հրապարակայնորեն կոչ էր արել թափել հայերի արյունը, ԱԲՖ-ը հետաքննություն էր սկսել:

 

Լեյլանին պաշտոնանկ էր արվել, սակայն Շվեդիայի աշխատավորների կրթական ասոցիացիայի նախագահ Հելեն Պետերսոնը չի համարում, որ Թուրքական համադրող կենտրոնը արել է բավարարը իր նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։

 

«Այո, մենք ունենք ընդհանուր արժեհամակարգ մեր անդամ կազմակերպությունների հետ, սակայն թուրքական համադրող կենտրոնը կարծես չի կիսում դրանք։ Մենք փորձել ենք կապ հաստատել նրանց հետ երկխոսության համար, բայց մեզ դա չհաջողվեց, ինչից հետո կայացվեց նման որոշում»,- ասել է Պետերսոնը:

 

Թուրքական համադրող կենտրոնը չի մեկնաբանել ABF-ի որոշումը։