Գարիկ Հովհաննիսյանն ու Միրաք Գևորգյանը հավանաբար չէին լսել, որ հիմիկվա Եվրոպան առաջվա ապահով Եվրոպան չէ, ու չարժե այնտեղ ընկնելու, մուտքի արտոնագիր, ինչպես ասում են, դասավորելու համար դեռ մի բան էլ գումարներ տալ: Ավելին' տվել են այդ գումարները ու դարձել խարդախության զոհ:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սուսաննա Հունանյանը 2800 եվրոյի դիմաց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու մուտքի արտոնագիր ձեռք բերելու պատրվակով, 2015թ. հունվարի 26-ին Շենգավիթ նոտարական գրասենյակում որպես կանխավճար Գարիկ Հովհաննիսյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է 714 406 դրամին համարժեք 1350 եվրո և 60 000 դրամ, սակայն խոստումը չկատարելով, խարդախությամբ հափշտակել է ընդհանուրը 774 406 դրամին համարժեք այդ գումարները:

 

Բացի վերը նշվածից, Ս. Հունանյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2700 եվրոյի դիմաց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու մուտքի արտոնագիր ձեռք բերելու պատրվակով, 2015թ. հունվարի 26-ին դարձյալ նույն նոտարական գրասենյակում Միրաք Գևորգյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով որպես կանխավճար վերցրել է ընդհանուրը 768 387 դրամին համարժեք գումար, սակայն խոստումը չկատարելով, խարդախությամբ հափշտակել է նշված գումարը:

 

Վերը նշված արարքների համար Սուսաննա Հունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («խարդախությունը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով: