«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով նախատեսված նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթի առնչությամբ վարորդների շրջանում տեղեկացվածության պակաս կա: Այս մասին նշեց «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Օրենքի դրույթի ուժի մեջ մտնելուց հետո, մեզ բազմաթիվ վարորդներ էին դիմում: Նրանք ներկայացնում էին իրավախախտում' ասելով, թե նվազ նշանակության է: Ասում էին' մի քիչ աջ եմ գնացել, մի քիչ ձախ եմ գնացել, դեղին լույսի տակ եմ անցել և այլն: Այսպես էր ընկալվում: Մենք էլ իրենց ներկայացնում էինք օրենքի պահանջները, բացատրական աշխատանք տանում: Դա գալիս է նրանից, որ Ոստիկանությունը նախապես բավարար չափով իրազեկման, նախապատրաստական աշխատանք չի տարել»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը' նկատելով, որ վերջին շրջանում այդ հարցերով դիմողների թիվը կրճատվել է:

ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, հակադարձելով Էդուարդ Հովհաննիսյանին, նշեց, որ իրազեկման աշխատանքներն ի սկզբանե տարվել են, ներկայում էլ շարունակվում են:

«Չեմ կարող համաձայնել ձեր ասածի հետ, այդ թեմայով բազմաթիվ մամուլի ասուլիսներ են կազմակերպվել, հաղորդումներ են եղել, մասնակցել է թե Արդարադատության նախարարը, թե Ոստիկանության ներկայացուցիչը: Չհաշված, լրատվական վարչության միջոցով պատրաստված հաղորդումը: Բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց իրազեկվել է»,-ասաց Արման Չիլինգարյանը

 

Անդրադառնալով նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթին' Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ կան որոշ ոչ հստակ իրավիճակներ: Մասնավորապես, նա ներկայացրեց օրինակ, երբ մեկ տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենա երկրորդ շարքում կանգնել և ուղևոր է իջեցրել, այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենա շրջանցել է նրան, հատել հոծ գիծը և անցել: Այդ ժամանակ հանդիպակաց հատվածում ոչ մի ավտոմեքենա չի եղել, վթարային իրավիճակ չի ստեղծվել, սակայն վարորդը տուգանվել է: Արման Չիլինգարյանը նշեց, որ այդտեղ կա ակնհայտ վտանգ ստեղծելու իրավիճակ:

 

«Հիմա պատկերացրեք, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայի դիմացով մի հետիոտն էր անցնում, ու կողքով շրջանցող և հանդիպակաց գոտի դուրս եկած մեքենան այդ հետիոտնին վրաերթի էր ենթարկում»,-ասաց Արման Չիլինգայանը:

 

Նա վստահեցրեց, որ նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթը կիրառվում է: Ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում տուգանք է սահմանվել արձանագրված իրավախախտումների մոտ մեկ երրորդի չափով, մնացածը դիտարկվել է որպես նվազ նշանակություն ունեցող: Արման Չլինգարյանը տեղեկացրեց, որ շուտով Ոստիկանության կայքում կլինի բաժին, որտեղ վարորդը կարող է տեսնել իր կողմից կատարած այն խախտումը, որը դիտվել է որպես նվազ նշանակություն ունեցող: