Չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահաներ Բարակ Օբաման և Վլադիմիր Պուտինը: Զրույցը, որը դատելով Սպիտակ տան և Կրեմլի տարածած հաղորդագրություններից, անցել է փոխըմբռնման մթնոլորտում, հիմնականում վերաբերել է ԼՂ խնդրին, դրա կարգավորման հեռանկարներին: Երբ հետևում ենք քառօրյա պատերազմին հաջորդած զարգացումներին, նկատում ենք, որ միջազգային օրակարգում մեծացել է ԼՂ խնդրի կարևորությունը՝ իր նշանակությամբ գրեթե հավասարվելով ուկրաինական ճգնաժամին կամ սիրիական պատերազմին:

 

Լա՞վ է սա, թե՞ վատ: Միանշանակ պատասխան այս հարցին` չկա, մանավանդ խնդիրը բազմաշերտ է ու հստակ պատասխան չի ենթադրում: Քառօրյա պատերազմն էլ լուրջ փորձություն եղավ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար: Միջազգային հանրությունն այն ընկալեց որպես ահազանգ, որովհետև մեծ դժվարությամբ կանխվեց մեծամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը: Ոչ մի երաշխիք չկա, որ փխրուն հրադադարը մի օր չի խախտվի, մանավանդ միջազգային փորձագիտական կենտրոնները պատերազմի վերսկսման ռիսկեր են տեսնում: Եթե այս համատեքստում ենք դիտարկում ԼՂ խնդրում միջազգային ակտիվությունը, ապա այն միանշանակ դրական է, որովհետևուղղված է պատերազմի վերսկսման կանխմանը:

 

Այլ հարց է, որ ԼՂ խնդրի շուրջ միջազգային ակտիվացումը կարող է բերել ստատուս քվոյի որոշակի փոփոխության: Նույն Օբամա-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը կարևորել է հակամարտության համապարփակ լուծումը: Համաձայնեք այս ձևակերպումն ավելին է, քան հրադադարի կամ նույնիսկ զինադադարի ամրապնդմանը նպաստելը:

 

Եթե հետևենք Երևանի և Բաքվի քաղաքականությանը, ապա դժվար չէ նկատել, որ զուտ մարտավարության տեսանկյունից Հայաստանի իշխանությունները փորձում են հասնել հրադադարի ինստիտուտի ամրապնդմանը: Դրան են միտված դիտորդների կազմի ընդլայնման, միջադեպերը հետաքննող միջազգային մեխանիզմների ստեղծման առաջարկները: Այլ խոսքով, Հայաստանը թեկուզ անուղղակիորեն փորձում է ամրապնդել ստատուս քվոն: Բաքուն դրան ընդդիմանում է, ըստ այդմ, դեմ է արտահայտվում հրադադարն ամրապնդող մեխանիզմների ստեղծմանը:

 

Եթե միջազգային օրակագում ամրապնդող դառնա այն տեսակետը, որ խաղաղության տանող միակ ճանապարհը հակամարտության համապարփակ լուծումն է, ապա կստացվի, որ քառօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն 800 ՀԱ տարածք գրավեց, այլ որոշակի խաղի կանոներ թելադրեց միջազգային խաղացողներին:

 

Քառօրյա պատերազմում մեր զինվորները հերոսացան, սակայն հայակական դիվանագիտությունը դրանից օգտվել չկարողացավ: Օրինակ, հստակ չձևակերպվեցբանակցային գործընթաց պաշտոնական Ստեփանակերտի վերադարձի պահանջը: Երբ ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում է ԼՂ նախագահին` դրական է, սակայն այս իրողությունը պետք է ամրագրումը ստանա նաև կարգավորման գործընթացում:

 

Առայժմ մեր դիվանագիտությունը կաղում է և կարող է այնպես ստացվել, որ մենք պատրաստ չլինենք կարգավորման գործընթացի որոշակի շրջադարձի: Համենայնդեպս ԼՂ հարցը հայտնվել է միջազգային օրակարգի առաջնահերություններրի թվում, ինչին մեր դիվանագիտությունը կարծես թե պատրաստ չէ:

 

Սարգիս Հակոբյան