Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում է վերսկսել բանակցությունները ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

 

«Վեց ամիս առաջ մենք շատ դրական կետի վրա էինք: Մենք սկսել էինք բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Դա շատ բան է նշանակում: Այժմ մենք կշարունակենք նույն կետից, որտեղ կանգ ենք առել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զեյբեքչին' ամփոփելով ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Բանակցությունները տեղի են ունեցել G-20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում: