Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ավելի քան 30 ուխտավորների' ուղեկցությամբ Բոստոնի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Կուզույանի և Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապ ատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով ուխտավորներին, գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել նրանց ներկայությունը Հայրենիքում և հատկապես համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Հայոց Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, որոնց շնորհիվ հայորդիները հնարավորություն են ունենում իրենց ուխտը վերանորոգելու և ոգեշնչվելու, ինչպես նաև առավել զորանալու իրենց ազգային ինքնությամբ:

 

Իր հայրապետական օրհնությունը բերելով ուխտավորներին' Նորին Սրբությունը բարձր գնահատեց նրանց հավատարմությունը հանդեպ հայոց նվիրական սրբությունները և ազգային հարուստ ժառանգությունը: Վեհափառը վերհիշեց նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ իր կողմից կատարված հովվապետական այցելությունները, որոնց ընթացքում մշտապես նկատելի է եղել սերը Հայ Եկեղեցու նկատմամբ և բացառիկ նվիրումը ազգային-եկեղեցական կյանքին:

 

Վերջում Նորին Սրբությունն առ Աստված աղոթքով մաղթեց, որ Տերն իր մշտական օրհնության ներքո պահի ու պահպանի ամենքին սիրո և նախանձախնդրության բարձր գիտակցության մեջ:

 

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին: