Ուժեղ կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզի 41 համայնքում մեծ վնաս է հասցվել ամբողջ գյուղատնտեսությանը։ 

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։

 

«Ուղղակի այսպիսի կարկտահարություն երբեք չի եղել, 100 տոկոսով վնասել է ամբողջ խաղողի այգիները, լոլիկի, սմբուկի, ձմերուկի մասին էլ չեմ ասում։ խաղողի այգիների մասով խնդիր է նաև հաջորդ տարվա համար, քանի որ վազերի կորուստ է եղել։ Զեկույց է տրվել հանրապետության նախագահին, պետք է տեղական հանձնաժողովները գնահատեն կորուստների չափը, խնդիրները և ներկայացնեն կառավարությանը»,- ասաց Ղահրամանյանը։

 

Հարցին, թե ինչ վիճակում են սելավատարերը, քանի որ դրանք մաքրված չեն եղել, մարզպետն ասաց, որ սելավատարերը մաքրվում են 2-3 տարին մեկ անգամ, բայց արդեն հատկացվել է գումար, որպեսզի սելավատարերը մաքրվեն։ «Այս տարվա ջրի հոսքը և կարկուտի ուժգնությունը շատ ուժեղ էր, այսքան տարի ապրել եմ, նման կարկուտ չեմ տեսել»,- ասաց մարզպետը։

 

Ակնալիճ համայնքում տեղատարափ անձրևի ու կարկուտի հետևանքով Մեծամորի սելավատարի պաշտպանիչ պատնեշի 50 մետրի հասնող հատվածը, չդիմանալով ջրի ուժեղ հոսքին, փլուզվել է, և ջուրը լցվել է համայնքի մշակովի հողատարածքները' կրկնապատկելով գյուղացու վնասը:

 

Նրա խոսքով՝ հակակարկտային կայաններ այդ հատվածում չեն եղել, իսկ ինչպես հայտնի է դրանց էֆեկտիվությունը 60-70 տոկոսի չափով է, որը լուրջ օգնություն է. «ժամանակին մենք սահմանամերձ հատվածն ենք ամբողջությամբ փակել, բայց մեր մարզի համար 4000-ից ավել հակակարտային կայաններ է պետք, որ ամբողջ մարզի տարածքը փակվի, իսկ մենք ընդամնեը ունենք 172 և 12 հատ էլ վերջին որոշումով է տրվել, որից դեռևս 6-ն է տեղադրվել»,- ասաց Ղահրամանյանը։

 

Նշեց, որ այս գիշեր մարզում են եղել վարչապետը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ովքեր տեղում ծանոթացել են իրավիճակին։

 

Այսօր առավոտյան մարզ է այցելել նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։