Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Ուլյանովը երեք նախապայման էր նշում հեղափոխության համար: Հայաստանում վաղուց այդ պայմանները հասունացել են:

 

Ամեն առիթով վերևներն ապացուցում են, որ կառավարելու ունակություն չունեն՝ ստանդարտ և ֆորսմաժորային իրավիճակներում: Ներքևները չեն հանդուրժում իրավիճակը, սակայն դժգոհությունն առայժմ արտահայտվում է խոհանոցային զրույցներում, լավագույն դեպքում ունենում են լոկալ դրսևորում, էլ չեմ խոսում Հայաստանիտնտեսության մասին, որի գահավիժումը տեսանելի է անգամ վիճակագրական տվյալների բացակայության դեպքում:

 

Բնական աղետները Կառավարությունը չի ստեղծում, սակայն դրանց կանխարգելումը կամ հետևանքների վերացումը միանգամայն տեղավորվում են գործադիրի գործառույթների մեջ:

 

Ամռան սկզբին հեղեղումներ եղան Շիրակի և Արագածոտնի մարզում, աղետի գոտու վերածված Արթիկը Կառավարության անզորության, անկարողության խոսուն դրսևորումն է: Անցած մեկ-երկու օրում աննախադեպ կարկուտը, անձրևը, քամին ծանր, անդառնալի վնաս հասցրին Երևանի հարակից մարզերի գյուղատնտեսությանը: Ամավիրի, Կոտայքի, Արագածոտնի ավելի քան 30 գյուղումոչնչացվել է պտղատու ծառերի և բանջարեղենի  հացահատիկի ամբողջ բերքը: Կառավարությունն ինչ-որ գումարներ դուրս կգրի, դրանց մի մասը ճանապարհին կփոշիացվի, մի երկու գյուղացու բերան կփակվի, բայ գլոբալ հարթության մեջ մենք ունենք աղքատացած, պարտքերի բեռի տակ կքած գյուղացիներ և սոված ձմեռվա ուրվական:

 

Նույնիսկ բնությունն իր անկանխատեսելիությամբ Հայաստանի՝ հատկապես գյուղացիական բնակչությանը հոշոտում է, որ այսպես շարունակել չի կարելի: Խոհանոցում բամբասելով՝ պարքերը չես մարի, ճգնաժամի մեջ թաղված Ռուսաստանն այլևս փարոս չէ: Եվրոպան հայաստանացիներից շատերի գրպանի բանը չէ: Մեզ հեղափոխություն է պետք, սակայն դա արմատապես տարբեր է այն բարբարոսությունից, որի ականատեսը դարձավ մարդկությունը 20-րդ դարասկզբին Ռուսաստանում, անցնել են Ավրորաների և համազարկների ժամանակները: Հեղափոխությունը պետք չէ պարզունակորեն նույնացնել իշխանության կամ կառավարման համակարգի փոփոխության հետ: Ժամանակակից հեղափոխությունը վերաբերում է մարդու մտածողությանը, արժեքներին, «ես»-ի «մենք»-ի կայացմանը:


Քաղաքացին, հասարակությունը պետք է դառնան գործոն, ինստիտիուցիոնալ արժեք՝ փոքր ու մեծ նախաձեռնություններով՝ հետևողական և համակարգված աշխատանքի շնորհիվ, այդ դեպքում հեղափոխությունը կկայանա ինքնին վերևից ներքև սկզբունքով, կամ հրապարակում, փողոցում, երբ քաղաքացին դառնա գործոն, պահանջատեր՝ իշխանությունը հարկադրված կլինի նախաձեռնել համակարգային բարեփոխումներ, քաղաքակրթվել:


Համենայն դեպս, պահանջատեր քաղաքացին այսօրվա որակի իշխանություն երբեք չի հանդուրժի

Սարգիս Հակոբյան

Լուսանկարը՝ medialab.am-ի