Հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտիի չկայացած համերգի շուրջ ծավալված բողոքները դեռևս չեն դադարում: Բանն այն է, որ տոմսեր գնած քաղաքացիները դեռևս չեն կարողացել վերադարձնել տոմսերը և հետ ստանալ իրենց գումարները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Գայանե Դեմիրչյանն ասաց, որ ինքը ևս այն քաղաքացիների թվին է պատկանում, ով մի քանի տոմս է գնել, սակայն չի կարողանում չեղյալ հայտարարված համերգի տոմսերը հետ վերադարձնել:

 

Փաստաբանը նշեց, որ տոմսերի գումարների վերադարձը դեռ չի էլ սկսվել։

 

«Ֆորպոստարտ» ընկերության աշխատակիցները հայտարարել էին, որ մայիսի 26֊ից կկատարվի գումարների վերադարձը, սակայն մայիսի 25֊ին հայտարարվեց, որ հետաձգվում է մինչև սեպտեմբեր։

 

Մեր այն հարցին, թե ո՞ւմ պետք է դիմեն քաղաքացիները, որպեսզի կարողանան հետ ստանալ իրենց գումարները, փաստաբանը պատասխանեց. «Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր իրավունքների պաշտպանության եղանակն ու ժամանակը։ Ոմանք նախընտրում են սպասել, ոմանք դիմում են համերգի կազմակերպիչներին, ոմանք' հասարակական կազմակերպություններին և այլ։ Լինելով փաստաբան' ես ընտրել եմ իմ իրավունքի պաշտպանության դատական եղանակը։ Ինձ են միացել, այսինքն՝ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության եղանակն են ընտրել նաև ևս 60 քաղաքացի, ովքեր միաժամանակ ինձ որպես փաստաբանի, լիազորել են հանդես գալ իրենց անունից և ներկայացնել բոլորի շահերը դատարանում։ Արդեն համապատասխան կոլեկտիվ հայցադիմում է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ: Առաջին նիստը նշանակվել է սույն թվականի սեպտեմբերի 30֊ին, ժամը`14։30-ին»,- ասաց Գայանե Դեմիրչյանը։

 

Նիստը տեղի կունենա Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նիստը դռնբաց է, և բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել։

 

Նելլի Ավետիսյան