Երեկ Հիմնադիր խորհրդարանն ահազանգել է, թե իր համակիրների տներում զանագվածային խուզարկումներ են իրականացվել: Բնականաբար, այդ ամենը կապված է այս կառույցի ձերբակալված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործի հետ: Իրավապահները զենք-զինամթերք են փնտրում Սեֆիլյանի համակիրների բնակարաններում: Չեմ կարող ասել, թե որքանով է հիմնավորված Սեֆիլյանի ձերբակալությունն ու առհասարակ չեմ ուզում խորամուխ լինել իրավական հարցերում:

 

Ինձ հետաքրքիր է խնդրի քաղաքական կողմը: Արդեն երկու տարի է՝ Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները հեղափոխություն ու իշխանության հեռացում են խոստանում: Նշել են կոնկրետ ժամկետներ 2015-ի ապրիլի 24-ը, նույն թվականի տարեվերջը և այլն:

 

Հեղափոխության յուրաքանչյուր ժամկետի տապալումից հետո Հիմնադիր խոհրդարանը ոչ թե փոխել է մարտավարությունն, այլ ավելի է արմատականացրել իր կարգախոսները: Հեղափոխությունը, ենթադրվում է, պետք է իրականացվեր հասարակության զանգվածային աջակցության մասնակցությամբ:

 

Իշխանությունները տեսնում են, որ հասարակությունը, մեղմ ասած, անտարբեր է Սեֆիլյանի կողմնակիցների կոչերին, սակայն մտածում է, որ դատարկ ազատության հրապարակի ֆոնին,Հիմնադիր խորհրդարանը գուցե հեղափոխություն է պլանավորում՝ ոչ քաղաքական մեթոդներով: Ինչքանով են հիմնավոր իշխանությունների մտահոգությունները՝ թողնում եմ նրանց, սակայն Սեֆիլյանի գործի շուրջ ծավալված աղմուկը սրա հետևանքն է:

 

Ձերբակալությունները, խուզարկությունները որևէ կերպ չեն նպաստում Սեֆիլյանի, մյուսների հերոսականացմանը: Հասարակությունը վաղուց կուշտ է առաքյալներից, բայց վտանգավոր մի միտում, այս ամենում, կա, բոլորի մոտ պատկերվում է երկու բևեռ՝ իշխանությունը  և մարդկանց մի փոքր խումբ, որը արմատական և անընդունելի կարգախոսներով հեղափոխություն է խոստանում և պարբերաբար հայտնվում է բանտերում:

 

Այս ամենը գուցե ձեռնտու է իշխանությանը, որ իր ընտրած թիրախի համեմատ քաղաքակիրթ է երևում, բայց տուժում են քաղաքականությունը, քաղաքացին, ով դադարել է հավատալ թե՛ իշխանություն ունեցողին և թե չունեցողին, երկիրը, որը զրկվում է քաղաքական կենսունակ համակարգից:

Սարգիս Հակոբյան