Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 14-ին ընդունել է Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական ջերմ եղբայրական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Այդ առումով երկուստեք կարևորվեց Հայաստանի Նախագահի՝ Հունաստան կատարած պաշտոնական այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

 

Դեսպան Տայիսը շնորհակալություն հայտնեց առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից իրեն ցուցաբերված աջակցության համար։

 

Հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Տայիսին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։