Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 27-ին շարունակվելու է դատաքննությունը մի քրեական գործի, որով առաջադրված մեղադրանքը վերաբերում է հասարակական մեծ վտանգավորություն ներկայացնող արարքի, ավելին' մի արարքի, որին այսօր մեր հասարակությունը շատ զգայուն կերպով է արձագանքում: Խոսքը կաշառքի դիմաց զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու մասին է:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ալլա Հովհաննիսյանն աշխատելով «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, ընդգրկված է եղել բժշկական կենտրոնի' զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, հանդիսացել է պաշտոնատար անձ: Ըստ մեղադրական եզրակացության, Ա. Հովհաննիսյանն ինչպես միայնակ, այնպես էլ նախնական համաձայնության գալով նույն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, հանձնաժողովի մյուս անդամ Թադևոս Հովհաննիսյանի և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական փորձագիտության գծով փոխտնօրեն, բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի անդամ Մարինե Կանդայանի հետ, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ թվով 20 զորակոչիկների վերաբերյալ 2014թ. ամառային զորակոչից ազատելու հիմք հանդիսացող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտեր տրամադրելու համար, ինքնությունը չպարզված անձանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափի գումարներ, կամ, օգտագործելով իր պաշտոնեական դրությունը, միջնորդել է Մարինե Կանդայանին' կաշառքի դիմաց տրամադրել այդպիսի ակտեր։

 

Զարմանալի է, թե նախաքննությամբ ինչպես չի պարզվել 20 զորակոչիկներին զորակոչից ազատելու համար կաշառք տված ենթադրաբար 20 հոգուց որևէ մեկի ինքնությունը:

 

Վերոնշյալ քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տիգրան Հայրապետյանին: Համաձայն քր. գործի նյութերի, նա 1992թ. Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ապօրինի ձեռք է բերել և Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գտնվող իր առանձնատուն է տեղափոխել ռազմամթերք հանդիսացող թվով 92 հատ 9 մմ տրամաչափի և 476 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտներ։ Բացի վերը նշվածից, Տ. Հայրապետյանը, ծառայելով Թալինի տարածքային զինկոմիսարիատում որպես զինվորական կոմիսար, կոչումով մայոր, ըստ մեղադրական եզրակացության, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է կաշառքի միջնորդություն։

 

Վերը նշված արարքների համար Ալլա Հովհաննիսյանին և Մարինե Կանդայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 313-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 2-րդ մասի 2-րդ կետի, Թադևոս Հովհաննիսյանին' 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, Տիգրան Հայրապետյանին' 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 235-րդ հոդվածի («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») 1-ին մասի հատկանիշներով: