«Սասնա ծռեր» խմբավորման կողմից Երևանում Պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ձեզ ենք ներկայացնում միջազգային առաջատար լրատվամիջոցների որոշ լուսաբանումներ:

 

The Independent-ը փաստում է դեպքը՝ միաժամանակ ներկայացնելով զինված խմբի պահանջները: Նշվում է, որ Սեֆիլյանը սուր քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին, քանի որ չի ընդունում ղարաբաղյան հարցում վերջինիս վարած քաղաքականությանը: Լրատվամիջոցը նաեւ ընդգծել է, որ հեռուստատեսային կադրերում երեւում է՝ ինչպես են Ոստիկանության զրահապատ մեքենաները փակել դեպի ՊՊԾ գունդ տանող ճանապարհները:

 

Ցուցարարները քարեր էին նետում և հարձակվում էին Ոստիկականական ուժերի վրա, որոնք ծառայություն են իրականացնում ՊՊԾ գնդի շուրջ, որտեղ կիրակի օրը հարձակում էին գործել զինված խմբավորման անդամները և պատանդ են պահում չորս ոստիկանի:

 

Ցույցերը շարունակվեցին լույս հինգշաբթի գիշեր, երբ մոտ 2000 ցուցարար բարիկադներ պատրաստեցին Ոստիկանության կողմից շղթայված շրջանին հարակից տարածքում, գրում է Al Jazeera-ն:

 

The Daily Mail-ը մեջ է բերում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը այն մասին, որ Երեւանում մի խումբ զինված մարդիկ գրավել են ՊՊԾ գունդը, 1 ոստիկան սպանվել է, 2-ը՝ վիրավորվել, եւս 2-ին զինված խմբի անդամները բաց են թողել: Նշվում է նաեւ որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խմբի անդամներին, այնուհետեւ տեղակցրել է ԶԼՄ-ներին, որ պատանդներն 8 հոգի են:

 

Լրատվամիջոցը գրում է նաեւ, որ ԱԱԾ-ն հերքել է սոցիալական մեդիայում տարածված կարծիքը, թե հեղաշրջում է սկսվում՝ վստահեցնելով, որ ՀՀ-ում ամեն ինչ ընթանում է բնական հունով, եւ Ոստիկանությունը շարունակում է կատարել իր պարտականությունները:

 

The Daily Mail-ը գրում է, որ զինված խումբը պահանջում է ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին (ով ազատազրկվել է հունիսին՝ մեղադրվելով ապօրինի զենք պահելու եւ պետական նշանակության շենքեր գրավելու նպատակ ունենալու մեջ) եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Խոսելով վերջինիս մասին՝ բրիտանական լրատվամիջոցը հիշեցնում է 2008թ. մարտի 1-ի դեպքերը՝ նշելով, որ նախագահական ընտրություններից հետո արյունալի բախումներ են տեղի ունեցել իշխանության եւ պարտված ընդդիմադիր թեկնածուի համակիրների միջեւ, ինչի արդյունքում 10 հոգի զոհվել է:

 

Պարբերականը խոսում է նաև Երևանում ՊՊԾ գունդը գրավելուց 1 օր առաջ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին՝ նշելով, որ սա կարող է մտավախություն առաջացնել, որ տարածաշրջանում մի քանի օրվա մեջ հեղաշրջման 2-րդ փորձն է կատարվում:

 

Reuters-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունն արցունքաբեր գազ օգտագործեց այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր սկսեցին նետել ոստիկանների ուղղությամբ:

 

Այս ցուցարարները նախօրեին հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու զինված խմբավորման անդամներին, որոնք գրավել են ՊՊԾ գունդը և պատանդներ են պահում այնտեղ:

 

AP-ն հայտնում է, որ ցուցարարները, որոնք պաշտպանում են այդ զինված խմբավորման գործողությունները, չորեքշաբթի օրը փորձեցին ճեղքել ոստիկանական շղթան և քարեր և այլ իրեր նետեցին նրանց վրա: Ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով:

 

Այնուհետև ցուցարարները սկսեցին Տիգրան Մեծ պողոտայում աղբամաններից և այլ իրերից պատնեշներ պատրաստել իրենց համար:

 

Զինված խմբի գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ իշխանություններն անցյալ ամիս բանտարկել են Ժիրայր Սեֆիլյանին՝ Երևանում շենքեր և կապի միջոցներ գրավելու նրա մտադրության բացահայտումից հետո: Զինյալները պահանջում են նրան ազատ արձակել՝ փոխանցում է RT


Ժիրայր Սեֆիլյանը շարունակ մեղադրում է իշխանություններին Ադրբեջանի հետ բանակցությունները սխալ վարելու մեջ: Նա նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատն է և փոքրաթիվ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ միավորման առաջնորդը, գրում է DW-ը:

 

Euronews-ը հաղորդում է, որ հարյուրավոր ցուցարարներ բախվել են ոստիկանների հետ՝ ոստիկաններին պատանդ պահող զինված խմբավորման գործողությունների նկատմամբ իրենց աջակցությունը հայտնելու համար:

 

Reuters-ը գրում է, որ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, որ բանակցությունները փակուղում են, քանի որ զինված խմբավորումը հրաժարվում է վայր դնել զենքերը և ազատել պատանդներին: Գործակալությունը գրում է նաև, որ մոտ 2000 հոգի հավաքվել է Երևանի կենտրոնում և պահանջել խաղալ լուծում տալ իրավիճակին և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ում մարդիկ կոչել են քաղբանտարկյալ: Նշվում է, որ մարդիկ պահանջել են նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: