Պարզվեց՝ այն մարդը, ով կարող է միջնորդ լինել մի կողմից Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռեր» խմբի, մյուս կողմից իշխանությունների միջև, արցախյան պատերազմի հրամանատար, Արցախի հերոսՎիտալի Բալասանյանն է: Արդեն 3-4 օր է՝ նա Երևանում է, ակտիվ շփվում է կողմերի հետ: Ի վերջո երեկ առավոտյան նա հանդիպում կազմակերպեց ԱԱծ տնօրեն Գեորգի Կուտոյանի և «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի միջև: Որոշակի փոխզիջում կայացավ, բոլոր պատանդներն ազատ արձակվեցին, զինված խմբի անդամները հնարավորություն ստացան հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատանդների ազատ արձակումը երեկվա կարևոր, հուսադրող իրադարձությունն էր: Սակայն զինյալները հրաժարվեցին վայր դնել զենքը և լքել ՊՊԾ գնդի տարածքը: Սա նշանակում է, որ պահպանվում է ճգնաժամը, որի հանգուցալուծումը միանգամայն տարբեր կերպ են պատկերացնում իշխանություններն ու «Սասնա ծռեր» խումբը:

 

Ֆորմալ առումով զինյալները պահանջում են Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Իշխանությունները հասկացրել են, որ բռնությամբ պարտադրվող պահանջը չի բավարարվելու: Երեկ զինված խումբն արմատապես փոխեց իր մարտավարությունն՝ այն ավելի ճկուն դարձնելուվ: Վարուժան Ավետիսյանն ասում է, որ իրենք Արթուր Վանոյանին սպանելու մտադրություն չեն ունեցել: Երբ արդեն բոլոր պատանդներն ազատ են արձակված՝ զինված խումբն անկասկած կզարգացնի իր այս մարտավարությունը: Դրա իմաստն այն է, որ իրենք ոչ թե մարդասպաններ են կամ պատանդառուներ, այլ մարդիկ, ովքեր ՊՊԾ գունդը գրավելով, փորձում են դժգոհություն սերմանել հասարակության մեջ, նրան ակտիվացնել: Սեֆիլյանի համակիրների հաշվարկը պարզ է, իշխանությունների անարդյունավետ կառավարման, անարդարության, կոռուպցիայի հետևանքով երկրում չափազանց մեծ է դժգոհների բանակը: Հասարակական այդ ստվար շերտի աջակցությունն է փորձում ստանալ «Սասնա ծռեր» խումբը՝ պատանդների ազատ բարձակումով, հասարակությանը մեսիջ հասցեագրելով, որ ինքը պատանդ պահելու, մարդ սպանելու մտադրություն չունի, այն ընդամենը ձևակերպում է փոփոխությունների, ապստամբության պահանջը:

 

Իհարկե բռնությամբ պարտադրվող փոփոխությունը որևէ աղերս չունի քաղաքականության հետ: Հասարակության մանդատը ստանում են ընտրություններում, դրանց օրինական չլինելու դեպքում՝ հրապարակներում, փողոցներում: Հարձակումը պետական հաստատության վրա, եթե նույնիսկ մարդ չի մահանում, կամ պատանդներ չեն լինում, որևէ կապ չունի քաղաքականության, հանրային վստահության մանդատի հետ:

 

Եթե զինված խմբի խնդիրը հանրային աջակցության ապահովումն էր կամ առնվազն դրա իմիտացիայի ստեղծումն, ապա իշխանությունները փորձելու են լոկալացնել ճգնաժամն՝ իրավական, քարոզչական, քաղաքական հարթության մեջ՝ սահմանափակելով զինված խմբի ռեսուրսը:

 

Ձերբակալությունները, որ տեղի են ունենում վերջին օրերին՝ միտված են զինված խմբին զրկել արտաքին, կազմակերպչական, մարդկային աջակցությունից: Դրան են միտված նաև զինված խմբի միասնականությունը խաթարելու փորձերը՝ զինյալների ծնողների, հարազատների գործոնն օգտագործելով: Երբ չկա հստակ ձևակերպված քաղաքական պահանջ, ապա մարդկային գործոնըկարևոր է դառնում: Երեկ շատերն են տեսել այն կադրերը, որոնցում զինյալներից մեկը տատանվում էր՝ զենքը վայր դնելու ծնողական աղերսի և խմբի մեկ այլ անդամի հոգեբանական ճնշման միջև: 

 

Սակայն ամենակարևորն այն է, որ հասարակությունը հավատա դրական փոփոխություններին ուղղված իշխանության մեսիջներին: Այս համատեքստում կարևորագույն դերակատարությունը վերապահված է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին: Նրանց նկատմամբ վստահությունը հասարակությանը կարող է համոզել, որ 2017-ից հետո մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն

 

Սարգիս Հակոբյան