Քառօրյա պատերազմի օրերին և ՊՊԾ գնդում հուլիսի 17-ի միջադեպից հետո ուրույն դերակատարություն ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ապրիլին նա հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ուղևորվեց ԼՂՀ՝ տեսակցելու նախագահ Բակո Սահակյանին: Այս օրերին առաջին նախագահը հանդես եկավ հրապարակմամբ, ընդ որում, նույն օրը, երբ հնչեց գործող նախագահի խոսքը:

 

Հատկանշական է, որ թե’ ապրիլին, թե’ հիմա Տեր-Պետրոսյանն առաջնային համարեց ԼՂ խնդիրը, արցախահայության անվտանգությունը՝ ձեռնպահ մնալով գործող իշխանությանը հակադրվելու գայթակղությունից:

 

Թե’ ապրիլին, թե’ հիմա գտնվեցին մարդիկ, քաղաքական դավադրության «տեսության» հետևորդներ, ովքեր Տեր-Պետրոսյանի վարքագծի հիմքում տեսան իշխանության հետ ստվերային պայմանավորվածության էլեմենտներ: Ամբողջ խնդիրն այն է, որ այս մարդիկ Տեր-Պետրոսյանի անձի մեջ տեսնում են բացառապես ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդին՝ վերջինիս քայլերը դիտարկեով ներքաղաքական կոնյուկտուրայում: Իրականում պատերազմի օրերին և ճգնաժամային վերջին շաբաթվա ընթացքում Տեր-Պետրոսյանն արժևորել է առաջին նախագահի ինստիտուտը՝ զերծ ներքաղաքական հաշվարկներից:

 

Քաղաքակիրթ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները ենթադրում են գործող ու նախկին ղեկավարների համախմբում, նրանց ռեսուրսների մեկտեղում: Այդպիսի բան ԱՄՆ-ում տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Ճգնաժամային իրավիճակներում երկրի գործող և նախկին ղեկավարներին միավորում են պետական օրակարգն ու մտահոգությունները: Ջորջ Բուշ կրտսերը և Բիլ Քլինթոնը քաղաքական մրցակիցներ էին, բայց նրանց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո միավորեց պետական օրակարգը, պատասխանատվության ինստիտուտը:

 

1998 թ. իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվեցինքաղաքական տարբեր ճամբարներում, 2008 թ. մարտի մեկից հետո նրանք դարձան քաղաքականանհաշտ հակառակորդներ: Բայց երկրի համար ճգնաժամային իրավիճակներում նրանց միավորում է պետական մտածողությունը, քաղաքական պատասխանատվությունը: Այս համատեքստում ավելի ճիշտ կլիներ քննարկել ոչ թե Սարգսյանի կամ Տեր-Պետրոսյանի ռացիոնալ վարքագիծն, այլ հարցնել՝իսկ ո՞ւր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի խորհրդավոր լռությունն ինքնին զարմանալի է: Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին:

Սարգիս Հակոբյան