Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-24-ը կայացած 2015-2016 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և Մերի Հովսեփյանը՝ «Այբ» ավագ դպրոց:

 

Օլիմպիադային Ադրբեջանի հավաքականն արժանացել է 1 պատվոգրի, Ռուսաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Իրանի հավաքականը՝ 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Թիմային արդյունքում հաղթող է ճանաչվել է Սինգապուրի հավաքականը՝ նվաճելով ՝ 4 ոսկե մեդալ: Վրաստանի և Թուրքիայի հավաքականները մնացել են առանց մրցանակի:


Հայաստանի երեք թիմերը՝ ընդամենը 15 մասնակից, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադաների՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից, արժանացել են 12 մեդալի՝ ոսկի՝ 1, արծաթ՝ 3, բրոնզ՝ 8 և պատվոգիր՝ 1: