armnoc.am  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ, Եվրոպայի գործող չեմպիոն' Անդրանիկ Կարապետյանն է: Անդրանիկը ծնվել է 1995 թվականին, իսկ ծանրամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Նա սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Կարապետյանը ունի իրեն բնորոշ հանգստություն, որն առավել արտահայտիչ է դառնում մրցաշարերի ժամանակ:

Եվրոպայի չեմպիոնն հայկական օլիմպիական հավաքականի'մեդալ նվաճելու հիմնական հույսերից մեկն է Օլիմպիական խաղերում: Նա հրաշալի գիտակցում է, որ մարզական մեծ հաջողությունների հասնելու համար' բացի տաղանդից, նաև նվիրված աշխատանք է պետք:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ոչ, թալիսման չունեմ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Կարծում եմ' ոչ մեկին, քանի որ գուցե լարվածություն կառաջացնեն: Կարող է' այնպիսի բան անեն, որ ծանրաձողը գցեմ վրաս:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Մասնակցություն, մեծ երազանք և մեծ ձգտում:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Գաղտնիք է, թե ում հետ եմ պատրաստվում առաջինը կիսել հաղթանակս:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Միայն հաղթանակով: