ՊՊԾ գնդում հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպից հետո քաղաքական համակարգի ճգնաժամը հաղթահարելու, այն բարեփոխելու թեման դարձել է առանցքային: Եթե մենք ունենայինք կենսունակ քաղաքական համակարգ, ապակրակոցներն ու բռնությունը չէին կարող դառնալ քաղաքական հարցեր լուծելու միջոց:

 

Հուլիսի 17-ին Խորենացի փողոցում պարտվել է այս քաղաքական համակարգը: Թեև այդ օրն այդ պարտութունը, որն իրականում տարիներ առաջ է եղել, ընդամենը հրապարակավ արձանագրվել է: Քաղաքական համակարգն առողջացնելու առաջին քայլն օրինական ընտրությունների անցկացումն է: Մարդիկ արդարացիորեն նկատում են, որ քաղաքական արմատականությունը արմատավորվում է հենց ընտրությունների կեղծ օրակարգով, ասել է թե՝ սահմանափակվում է իշխանություն ձևավորելու, փոխելու մարդկանց իրավունքը: Հանրահավաքները, երթերն արդյունավետությունը կորցրել են, որովհետև իշխանությունները կարծես թե գտել են դրանց հակազդելու ձևերը: Այս ամենն իհարկե չեն արդարացնում պետական հաստատության զավթելը, մարդկանց սպառնալն ու պատանդառնելը, սակայն արմատական տրամադրություններ, հասարակական արմատավորման համար ստեղծվում են նախադրյալներ:

 

Մինչև հուլիսի 17-ը գոնե հրապարակային հայտարարությունների մակարդակով Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը կարևորել են 2017 թ. խորհրդարանական ընտրությունների օրինականությունը, բարեփոխել են Ընտրական օրենսգիրքը: Սակայն այդ բարեփոխումները, որոնք մեծացնում են հանրային վերահսկողությունը, ընտրական գործընթացի նկատմամբ կարող են կյանքի կոչվել, եթե մինչև սեպտեմբերի 1-ը դոնոր կազմակերպություններից հայթայթվի 16 միլիոն եվրո: Եթե հավատանք «ՀԱԿ» փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքին, ապա եվրոպական կառույցներն այդ խնդիրը լուծել են: Ասել, որ միայն այս 16 միլիոնը երաշխավորում է ընտրությունների օրինականությունը, կնշանակի միամիտ լինել կամ անիրազեկ հայաստանյան իրականությանը, առանձնահատկություններին: 

 

Լավ օրենսդրությունը կարևոր է, սակայն գլխավոր նախապայման չէ որակյալ ընտրություններ կազմակերպելու համար: 1990 թվականին ՀԽՍՀ գերագույն խորհրդի վերջին ընտրությունների ժամանակ գործում էր ընտրական խորհրդային օրենսդրությունը, որը հաստատ առաջադիմական չես համարի: Բայց տեղի ունեցան մրցակցային ընտրություններ՝ համաժողովրդական շարժման հզոր էներգետիկայի շնորհիվ: Կատարելագործված ընտրական օրենսդրություն չունեինք նաև 1991 թվականին, սակայն իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցան նախագահական օրինական ընտրություններ: Ըստ այդմ՝ որակյալ ընտրությունների անցկացման համար կարևոր է ոչ միայնօրենսդրությունն, այլ, առաջին հերթին, իշխանությունների կամքն ու ցանկությունը:

 

Մեր իշխանություններն ունեն կամք, ցանկություն, սակայն առայժմ դա վերաբերում է ոչ թե ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպամանն, այլ սեփական վերարտադրությանը: Եթե իշխանություններն օրինական ընտրություններ կազմակերպելու ցանկություն չունեն, ապա դա նրանց պարտադրվում է ընդդիմության կողմից հասարակական ճնշման շնորհիվ: Սակայն մեր մագիստրալ ընդդիմությունը մոռացել է դեպի հասարակություն տանող ճանապարհները` հայացքը հառելով այն արահետին, որը տանում է դեպի Բաղրամյան 26: Այսինքն, եթե մենք իսկապես լուծել ենք 16 միլիոն եվրոյի հարցը և ունենք լավ ԸՕ, ապա, մեղմ ասած, չունենք իշխանության ցանկություն, ընդդիմության կայացվածություն:

 

Հետո մարդկանց մոտ մտահգուոթյուն կա, որ բարեփոխված ԸՕ-ն  ընդամենն իշխանությունների և ընդդիմության համաձայնությունների այսբերգն է, իսկ իրականում բանակցվում է իշխանության վերարտադրության «ՀՅԴ»-ի, «ՀԱԿ»-ի, «ԲՀԿ»-ի, «Հայկական վերածնունդ» կուսակցության խորհրդարանական քվոտաների հարցը: Գոնե մինչև այս պահը խորհրդարանական առաջիկա ընտրություններին հայավարի ենք մոտեցել` դրանց նշանակությունը չկարևորելով: Հուլիսի 17-ի միջադեպը փոխում է իրավիճակըԸնտրություն կեղծելու նոր ռեսուրս այլևս չունենք, որովհետև պետությունից հասարակության նոր օտարումը դարձյալ բերելու է արտագաղթի կամ բռնության:

 

Սարգիս Հակոբյան