Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատրաստվում է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել աշնանը:

 

Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ահարոն Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբի գործունեության մեջ մանկամիտ ռոմանտիզմից անցում եղավ դեպի ողջամտություն: Նա հույս ունի, որ անցում կլինի նաև դեպի իրատեսություն:

 

«Այն, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները կդառնան բավականին իրատես՝ կասկածելի է: Կապ չունի ծուռը որտեղից է՝ Սասունից, Կոնդից, թե մեկ այլ տեղից, մեկ է՝ ծուռը մնում է ծուռ: Նրանք ֆանատիզմի նշույլներ ունեն»,-նշեց Ադիբեկյանը:

 

Նրա խոսքով՝ բնակչության զգալի մասը հասկանում է, թե ինչ վտանգներ է պարունակում այն իրավիճակը, եթե ամեն մի «նեղացած» զենք վերցնի, համախոհներ հավաքի, պատանդներ վերցնի և այդ կերպ փորձի լուծել իր խնդիրները: «Հանրային կարծիքում ավելի շատ են նման տեսակետները, քննադատողները, քան արդարացնողները: Փորձել հրահրել ժողովրդին, որպեսզի մասնակցեն պայքարին՝ անթույլատրելի է: Պարզապես ես կարեկցում եմ այն տղաներին, ովքեր տառապում են մանկամիտ ռոմանտիզմով»,- ասաց Ադիբկեյանը:

 

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց: Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Մի քանի ոստիկաններ վիրավորվել են: Զինված խմբի անդամները մեկ շաբաթվա ընթացքում աստիճանաբար ազատ են արձակել պատանդներին: Վերջին չորս ոստիկաններն, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն, ազատ են արձակվել հուլիսի 23-ին: