Մոսկվան հույս ունի, որ Անկարան կկատարի իր խնդրանքը՝ ռուս օդաչուի մահվան մեղավորներին խստագույնս պատժելու մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ:

 

«Մենք ի սկզբանե թուրքական կողմի առաջ դրել էինք այդ հարցը՝ բազմակողմանի ու լրջորեն հետաքննել այդ ողբերգությունը, որը կատարվել է 2015-ի նոյեմբերին՝ Սիրիայի երկնքում,- նկատել է դիվանագետը,- Մենք առաջնորդվում ենք նրանով, որ Անկարան, առավել եւս երկկողմանի հարաբերություններում կատարված կառուցողական տեղաշարժերից հետո, ամբողջովին կկատարի այն, ինչի մասին բազմիցս խնդրել է ռուսական կողմը»:

 

«Մեզ համար սա շատ կարեւոր հարց է՝ ամենաառաջնայիններից մեկը»,- շեշտել է Զախարովան: Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ռուս օդաչուի մահվանը կամ դարձել են դրա պատճառը, «պետք է ամենախիստ պատիժը կրեն»:

 

«Այս հարցը օրակարգից դուրս չի եկել, մեզ համար այն առաջնային է»,- նշել է նա: