Հայաստանի անտառների ապօրինի հատումները շարունակվում են: 90-ական թվականների առաջին կեսին անտառներին պատճառված ահռելի վնասը փոխանակ փոխհատուցվեր հետագա տարիներին, տեղի ունեցավ ճիշտ հակառակը' անտառին նորանոր վերքեր ու վնասներ պատճառվեցին: Փոխհատուցումը մասնակի է, վնասը' շարունակվող:

 

Հատեցին նաև ընտիր ու բարձրարժեք ծառատեսակներ, միանգամայն առողջ ծառեր' փայտանյութը որպես շինափայտ, կահույքի, դռների, լուսամուտների արտադրության մեջ օգտագործելու նպատակով: Հազարավոր ծառեր էլ հատեցին, վաճառեցին և օգտագործեցին որպես վառելափայտ, չնայած գազի և էլեկտրաէներգիայի արտադրությանը: Պարզապես հաշվարկեցին, որ գազի, էլեկտրաէներգիայի համեմատ, վառելափայտի օգտագործումն ավելի էժան է նստում, ձեռնտու է: Անտառը հատեցին և՛ օրինական թույլտվությամբ, և՛ սանիտարական հատման, օրինականի անվան տակ առողջ ծառերն անթույլատրելիորեն հատելով, և՛ անօրինականորեն:

 

Նույնը շարունակվում է նաև այսօր, անտառի հերն անծեծեցին: Մեկին բռնեցին, տասին չբռնեցին, մեկին էլ բռնեցին, որպեսզի բռնվածների ցուցանիշ ունենան, քննադատների բերանը փակեն' ո՞վ է ասում, թե չենք պայքարել ու չենք պայքարում, բա այս մարդկանց, որ բռնել ենք, ովքե՞ր են, ապօրինի անտառահատներ չե՞ն…

 

Այս տարիների ընթացքում որպես կանոն բռնել ու դատի են տվել գրեթե բացառապես մանր անտառահատներին, ոչ յուրայիններին, որոնց կողմից ապօրինաբար հատված ծառերի քանակը, որպես կանոն, մի քանի տասնյակի կարգի է եղել: Իսկ ապօրինի անտառահատումը լուրջ բիզնեսի վերածածներից քանիսի՞ն են բռնել… Նրանց, ովքեր ապօրինի ձեռք բերած վառելափայտի մեծածավալ վաճառքով են զբաղվել, հսկայական ծավալի շինափայտ վաճառել լուսամուտների, դռների, մանրահատակի, կահույքի արտադրությամբ զբաղվողներին:

 

Ապօրինի անտառահատման մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Հովսեփյանին: Դատելով մեղադրական եզրակացությունում առկա տեղեկություններից՝ նա այդ գործում խոշորներից չէ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Հովսեփյանը 2016 թվականի փետրվարի 23-ին, ժամը 1-ի սահմաններում, ծառեր հատելու և փայտանյութը վաճառելու նպատակով, անձնական օգտագործման ԳԱԶ 2410 մակնիշի, 34ZF073 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամանել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության թիվ 1 պահաբաժնի 2-րդ քառակուսու 36-րդ անտառամաս: Այստեղ, համաձայն քր. գործի նյութերի, նա բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է հաճարենի, թխկի, բալենի, բոխի տեսակի ընդհանուրը 14 ծառ՝ պետությանը պատճառելով 287 000 դրամի վնաս:

 

Վերը նշված արարքի համար Վահրամ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի («Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը») 1-ին մասի հատկանիշով:

 

Կասկածողները կարող են գնալ, իրենց աչքերով տեսնել. Վանաձորի մոտի անտառի արտաքին շերտն է, ետևում չկա այն անտառը, որը կարող եք ենթադրել, անխղճաբար հատել են: Տեղ-տեղ ծառազուրկ հսկայական մակերեսներ են, կարծես խոցեր լինեն, նույն վիճակն է նաև Հայաստանի այլ անտառներում:

 

Ա. Հովհաննիսյան