Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՊՆ Ռազմական ուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը` հանդես գալով բանակն արժևորող ելույթով: Իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ ՊՊԾ գնդում հուլիսի 17-ի միջադեպից հետո պետական օրակարգը չի վերանայվել, երկիրն ապրում է բնականոն հունով: Չնայած դրան՝ ՊՊԾ գնդում ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ հասել է վտանգավոր մի սահմանագծի, որը կարող է բերել բախումների: Հուլիսի 23-ից սկսած իշխանությունների և զինյալների միջև բանակցություններն, ըստ էության, ընդհատված են:

 

Ժիրայր Սէֆիլեանի շրջապատը պարզապես չի վստահում միջնորդի դերում հանդես եկող որևէ մարդու: Սա այս շարժման գլխավոր առանձնահատկությունն է, որը դրսևորվում է քաղաքական համակարգի նկատմամբ տոտալ անվստահությամբ: Մի քանի օր առաջ զինյալների քննադատության թիրախը դարձավ Նիկոլ Փաշինյանը: Արդեն երեկ Ժիրայր Սէֆիլեանն իր փաստաբանի միջոցով հայտարարել է, որ գեներալ Վիտալի Բալասանյանը ստում է: Արցախի հերոսն, ում անմիջական ջանքերով ազատ արձակվեցին վերջին 4 պատանդները, նախօրեին ասել էր, թե Սէֆիլեանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում:

 

Եվ ահա «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդն իր մարտական ընկերոջը մեղադրում է  ստախոսության մեջ: Երրորդ օրն է ՊՊԾ գնդի տարածքը հոսանքազրկված է, զինյալները սնունդ չեն ստանում: Իշխանություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ չեն պատրաստվում տեղի տալ զինված խմբի պահանջներին: Սրան են ուղղված երեկ տեղի ունեցած մեկ տասնյակը գերազանցող ձերբակալությունները, հետախուզումը «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի, մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանի նկատմամբ:

 

Իշխանությունների և զինված խմբի կողմից կատարվել են քայլեր, որոնք փոխադարձաբար մեծացնում են անվստահությունը: ՊՊԾ գնդի երկնքում երևացել են ուղղաթիռներ` դիպուկահարներով, անօդաչու սարքեր: Զինված խմբին աջակցող «Ժառանգություն» կուսակցության փոխնագահ Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ այդ տեխնիկան մայրաքաղաք է բերվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Այս հայտարարությունը, բնականաբար, փորձ էր ազգային ազատագրական բաղադրիչ հաղորդելու: Այլ հարց է, թե ռուսական գործոնի խաղարկումն ինչքանով կնպաստի Խորենացի փողոցում հավաքվող մարդկանց թվի ավելացմանը: Զինյալներն իրենց հերթին երեկ այրել են գնդի տարածքում գտնվող chevrolet ծառայողական ավտոբուսը և մեկ մեքենա: Համաձայնեք, դժվար է քաղաքական օրակարգի շուրջ բանակցել նման վարքագիծ ունեցող մարդկանց հետ: Ի դեպ, խիստ չափազանցված է այն թեզը, թե «Սասնա ծռեր» խումբը ազգային ազատագրական պայքարի բովով անցած մարդկանց համախումբ է: Փաստերը հուշում են, որ 31 զինյալներից միայն 10-ն առնչություն ունեն արցախյան պատերազմի ազգային հարցերի հետ:

 

Երեկ ժամը 20.00-ից, եթե հավատայինք Խորենացի փողոցում զինված խմբին աջակցող հավաքներ անցկացնող նախաձեռնող խմբին՝ պետք է սկսվեր քաղաքացիական ահնազանդության գործընթաց: Ելույթների մակարդակով սկսվել է, բայց բարձրագոչ հայտարարություններին արձագանքում է հազիվ հազար մարդ: Այս շարժումը հետագայում գուցե ինչ-որ կերպ ասոցացվի 50.000 թվի հետ, որովհետև երեկ մի քանի հռետորներ մարդկանց հենց այդ թիվն են նշել հաջողության հասնելու համար: Դարձյալ շեշտը դրվում է գործընթացի ոչ թե որակական, այլ` քանակակն բաղադրիչի վրա: Ինչքան էլ «Հիմնադիր խորհրդարան»-ը քննադատի ավանդական ընդդիմությանը, փաստորեն՝ հետևողականորեն կրկնում է վերջինս քանիսց ձախողված քաղաքականությունը:

 

Իշխանությունը զինյալներից պահանջում է վայր դնել զենքերը, զինյալները խոստանում են դա անել միայն իշխանափոխությունից հետոՓոխզիջման եզրեր կարծես թե չկան, մանավանդ տեսանելի չէ խարիզմատիկ այն գործիչը, ով կարող է միջնորդ լինել իշխանությունների և զինված խմբի բանակցություններում: Կողմերը շարունակում են նաև տեղեկատվական-քարոզչական պատերազմը: Լարվածությունը մեծանում է, պետությունն ունի անսահմանափակ ռեսուրսներ, բայց կաշկանդված է պատասխանատվության շղթայով: Զինյալների ռեսուրսներն անհամեմատ սահմանափակ են, բայց ավելի անկաշկանդ են նրանց ձեռքերը: Անձամբ ինձ երեկ հուսադրել է ԱԱԾ հաղորդագրություններից մեկը: Ըստ այդմ՝ զինված խմբի անդամները կարող են մեղադրվել պատանդ պահելու, շենք շինություններ զավթելու, ապօրինի զենք- զինամթերք կրելու հոդվածներով: Սա նախատեսում է առնվազն 15 տարվա ազատազրկում, բայց հուսադրում է այն, որ պետությունն առայժմ պատուհան է թողում՝ զինյալների հետ քայլի համար «ահաբկեչություն», «իշխանության յուրացում» և այդ կարգի մեղադրանքներ չհնչեցնելով: Հետ քայլի հնարավորություն առայժմ կա, միայն թե չհնչեն նոր դավադիր կրակոցներ:

 

Սարգիս Հակոբյան