Կարծում ենք՝ կհամաձայնեք այն մտքին, որ արդեն տասն օրից ավել տևող զինված ապստամբության յուրահատկություններից մեկն էլ այն դարձավ, որ այս օրերի ընթացքում ջրի երես դուրս եկան գրեթե այն բոլոր թերություններն ու ախտանիշները, որ բնորոշ էին դարձել մեր երկրին ու հասարակությանը դեռ շատ վաղուց: Ինչ խոսք՝ այդ խնդիրներից մեկն էլ, թերևս, հասարակության շրջանում բացարձակ արժեք ներկայացնող անհատների բացակայությունը կարելի է համարել, որոնց կարիքը, մանավանդ ապստամբության այս օրերին, առավել քան զգալի է: Հարցը, թե ով է հատկապես մեղավոր, որ մեզ այդպես էլ չհաջողվեց այս երկար տարիների ընթացքում ունենալ անհատներ, որոնց խոսքը ազդու կլիներ հասարակության յուրաքանչյուր անդամի համար, մնում է այդպես էլ օդում կախված, քանի որ դրա հիմնական պատճառ համարել ասենք ազգիս «չորացած արգանդը», ոչ մի կերպ չես կարող:

 

Հայտնի է՝ բոլոր ժամանակներում ու ժամանակաշրջաններում էլ հայ ժողովուրդը միշտ էլ ծնել է անհատականություններ, մարդկանց, որոնց ապրածի առաջ անգամ օտարներն են խոնարհվել, գնահատել: Ուրեմն ինչումն է խնդիրը: Իսկ խդիրն, ինչպես միշտ, իշխանությունների մեջ է: Ինչպե՞ս: Բացատրենք. սկսած անկախության առաջին իսկ տարիներից պարզ դարձավ, որ իշխող էլիտան վարում է մի քաղաքականություն, որը ոչ մի կերպ չի կարող նպաստել հանրային գիտակցության առաջընթացին ու այդ նույն հանրության շրջանում այնպիսի անհատների ձևավորմանը, որոնք հետագայում կդառնային իդեալ՝ ժողովրդական լայն զանգվածների համար:

 

Այնպիսի վատառողջ մթնոլորտ էր ստեղծվել Հանրապետությունում, որի պայմաններում ակամա ոչնչանում էին անգամ այն հեղինակությունները, որոնք, այսպես ասած, գալիս էին խորհդրային անցյալից ու որոնք, այն ժամանակների պատկերացումներով, չէին կարող համապատասխանել նորագույն ժամանակաշրջանի իդեալներին:


Ամենացավալին այն է, սակայն, որ այդ նույն իրավիճակը շարունակվում է և հիմա, ինչի հետևանքով էլ, խոշոր հաշվով, իշխանությունները ներկայումս կանգնել են փաստի առաջ. չգիտեն՝ ում ուղարկեն ապստամբների հետ բանակցություններ վարելու:

 

Իսկ նման դժվար ընտրության առաջ կանգնելու պատճառը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, իշխանութոյւնների՝ հանրության աչքում հեղինակազրկված լինելու հանգամանքն է.ցանկացած մեկը, ինչպիսի հերոսական ճանապարհ էլ անցած լինի, ինչպիսի անգնահատելի ավանդ էլ երկրի զարգացման գործում ներդրած լինի, հենց փորձում է հանդես գալ իշխանությունների անունից, ներկայացնել նրանց շահերն, անմիջապես բախվում է անհաղթահարելի դարձած պատնեշի՝ կամա, թե ակամա սեփական մաշկի վրա զգալով այդ ամենի ծանրությունը:

 

Ցավոք, այն խնդիրը, որի մասին վերևում խոսք գնաց, մեկ օրում լուծելիք հարց չէ. հասարակությունը ճգնաժամից դուրս բերելու համար երկար ու հետևողական աշխատանքի կարիք է զգացվելու, լավ մշակված ու համակարգված գործողությունների մի ամբողջ ցանկի, որոնց արդյունավետությունը կախված է լինելու այն բանից, թե էլիտան որքանով է պատրաստ լինելու սեփական կենսաձևով ու դավանած արժեհամակարգով օրինակ ծառայել հասարակությանն՝ ուղղորդելով նրան ճիշտ հունով.կարծում ենք՝ լավ առիթ է ինքնամաքրվելու համար…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ