ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

 

Ինչպես տեղեկացnնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջև վերջին երկու տարիների ընթացքում համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում' պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման, հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Սեյրան Օհանյանը կարևորել է ինչպես Բնակչության հիմնադրամի, այնպես էլ ՄԱԿ-ի այլ մասնագիտացված կա ռույցների հետ համագործակցության խորացումը' որպես ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ՀՀ պաշտպանական բարեփոխումների շարունակականության ապահովման և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում միջազգային օժանդակության անհրաժեշտ աղբյուր և ուղղորդիչ գործիք:

 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել փոխհարաբերությունների շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը: Իր հերթին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գ. Հայրապետյանը նշել է, որ ՊՆ հետ իրենց համագործակցությունը կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կարող է դիտվել որպես պաշտպանական գերատեսչության հետ համագործակցության լավագույն փորձի օրինակ:

 

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև 2016թ. համագործակցության պլանը: