Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարցազրույց է ունեցել The Telegraph-ի հետ:

Բրիտանական պարբերականի նշված հարցազրույցում մեր հավաքականի ավագը խոսել է հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին և ասել.

«Հայրս իմ ներշնչանքն էր, իմ մոտիվացիայի աղբյուրը: Երբ ես երեխա էի, հայրս ֆուտբոլ էր խաղում պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ ես երազում էի նրա հետ գնալ և հայտնվել մարզահրապարակում: Երբ ընտանիքով վերադարձանք Հայաստան, իմ երազանքն էր շարունակել նրա աշխատանքը և դառնալ ֆուտբոլիստ: Ցավում եմ, որ նա իմ կողքին չէ: Ինչևէ, սա կյանք է, և ամեն ինչ շարունակվում է: Հուսով եմ, որ հայրս երկնքից տեսնում է՝ ինչպիսի աշխատանք եմ կատարում: Ամեն ինչ անում եմ, որ նա հպարտ լինի ինձնով:

Շատ կցանկանայի հայրս տեսներ, թե ինչպիսի խաղ եմ ցուցադրում հիմա: Միշտ դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումները, սակայն հիմա ֆուտբոլում շատ բան է փոխվել: Հիմա ես դիտում եմ նրա հանդիպումները միայն այն բանի համար, որ հիշեմ, թե նա ինչպես է խաղացել: Ափսոս, կյանքն այսպիսին է: Նա ինձ շատ կօգներ՝ ավելի լավը դառնալու հարցում:

Երբ մտածում, հասկանում եմ, որ հորս մահը շատ բան փոխեց իմ կյանքում, իմ մտքերում, և ես ավելի արագ հասունացա, սակայն մյուս կողմից անչափ դժվար է մեծանալ առանց հոր ներկայության, քանի որ ընտանիքում դու չունես տղամարդ, ով կկարողանար քեզ դաստիարակել: Մայրս ինձ համար և հայր է, և մայր: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր միշտ իմ կողքին են»: