Երևանի Խորենացի փողոցում տասն օրից ավել ընթացող դրամատիկ իրադարձությունները կարծես մոտենում են իրենց հանգուցալուծմանը: Չնայած դեռևս խիստ վաղ է ասել՝ ամեն ինչ ավարտված է ու այլևս ականատես չենք դառնալու արտասովոր իրադարձությունների, բայց ակնհայտ է, որ ապստամբների կողմից առաջ բերած շարժումն այլևս այն թափը չի ունենալու, ինչ ուներ նախքան նախորդ գիշերը, երբ դեռևս ապստամբների հետ էր շարժման ոգին ու գլուխներից մեկը հանդիսացող Պավել Մանուկյանը. երեկ՝ կեսգիշերն անց՝ ժամը 2:00-ի սահմաններում, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամն ու տեղափոխվել հիվանդանոց:


Եթե վերլուծելու լինենք վերջին օրերի ամենաուշագրավ իրադարձություններն ու փորձենք հասկանալ՝ հասա՞ն, արդյոք, իրենց նպատակին նրանք, ովքեր ծրագրել ու իրականացրել էին ապստաբությունն, ապա պետք է ասենք, որ այս հարցի պատասխանը և՛ դրական է, և՛ բացասական: Դրական է, քանի որհենց ապստամբների գործողությունների շնորհիվ է, որ ինչպես իշխանություններին, այնպես էլ, ինչու ոչ, միջազգային հանրությանը պարզ դարձավ, որ Ադրբեջանին հողեր հանձնելու ծրագրերը, եթե նման պլաններ կային, պետք է ընդմիշտ թաղել. աա համազգային հարց է, հանուն որի պատրաստ ենք ամենածայրահեղ քայլերի:


Իսկ ինչ վերաբերում է ապստամբների՝ ՀՀ ներքին կյանքում ինչ-ինչ բարեփոխումներ մտցնելու ձգտմանն ու պահանջին, ապա սխալված չենք լինի, եթե ասենք, որ պահանջն այդ, ըստ էության, իշխանությունների կողմից մնաց անարձագանք: Ինչո՞ւ: Հարցն այս, իրոք, հետաքրքրական է, քանի որ նախապես հնչում էին կարծիքներ, թե իշխանությունները, տեսնելով ապստամբների ունեցած ժողովրդական լայն աջակցությունն ու գուցեև հնարավոր հասարակական պայթյունը, այսպես թե այնպես ստիպված են լինելու գնալ իրենց համար ցավոտ զիջումների՝ տեղիք տալով հասարակական ճնշմանը՝ խուսափելու մարտի 1-ի սցենարի կրկնությունից:

 

Սակայն, երբ փորձում ես երկրում ստեղծված իրավիճակին, հասարակության շրջանում տիրող տրամադրություններին գնահատական տալ, հասկանում ես, որ, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ոմանց կոմից ակնկալված հասարակական պայթյունն այդպես էլ իրականություն չդարձավ, ու արմատական գործողությունների, իշխանություններին վերջնագրեր ներկայացնելու, նույնիսկ ներկայիս իշխանությունների գոյության համար իրական սպառնալիք ստեղծելու համար անհրաժեշտ այն կրիտիկական մասսան, որ ակնկալում էին հավաքել փողոցներում, այդպես էլ չհաջողվեց հավաքել, իսկ Խորենացի փողոցում ընթացող ցույցերը թեպետ մարդաշատ են, բայց ոչ այն աստիճանի, որպեսզի հնարավոր լիներ իրական փոփոխությունների համար նախադրյալներ ստեղծել:


Մեր համոզմամբ՝ սրա պատճառը ոչ թե այն է, որ ժողովուրդը դադարել է պահանջատեր լինել սեփական իշխանություններից ու սկսել ասենք ակտիվորեն ողջունել նրա ամեն մի քայլն, այլ՝ մարդկանց շրջանում կուտակված էներգիան ընդդիմություն ներկայացող ուժերի ու անհատների կողմից ճիշտ ուղղությամբ ուղղորդելու ապիկարությունը. հարթակից հնչող ելույթներն հակասական էին, իրավիճակային: Իսկ այն հարցը, թե ինչ են պատրաստվում անել, եթե նախագահը կամովին հրաժարական չտա ու ինչպես են հետագայում ծավալելու պայքարը, այդպես էլ մինչև վերջ մնաց օդում կախված, ինչն, անշուշտ, ընդգծված լիդերի բացակայության ուղղակի նշան է՝ մի բան, որ մշտապես բնութագրական է եղել հայաստանյան ընդդիմությանը:

 

Ինչպիսի զարգացումներ էլ ստանան այս իրադարձությունները, պարզ է մեկ բան՝ տեղի ունեցածից ամենամեծ դասերն ունեն քաղելու հայաստանյան քաղաքական ուժերը (մանավանդ՝ ընդդիմադիր), որոնք ակամա ի ցույց դրեցին իրենց ապիկարությունն՝ իրական ազդեցություն գործելու երկրում ծավալվող գործընթացների վրա:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ