Անցած գիշեր ՊՊԾ գնդի տարածքումփոխհրաձգություն է տեղի ունեցել զինյալների և ոստիկանների միջև: Պավել Մանուկյանը և նրա որդին վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց: Նախորդ գիշեր ՊՊԾ գնդում զինյալների թիվը ևս երկուսով կրճատվել է: Ոստիկանների կրակոցներից վիրավորվել և Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը: Նրանք վիրահատվել են ու հենց հիվանդանոցում էլկալանավորվել քրեական օրենսգրքի 2019 և 235 հոդվածների հատկանիշներով: Խոսքը շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, կրելու մասին է: Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպին, ապա «Հիմնադիր խորհրդարանը» մեղադրում է Ոստիկանությանը, վերջինս պնդում է, որ հենց զինյալներն են նախահարձակ եղել: Սակայն, սա միակ միջադեպը չէ, որ երեկ գրանցվել է: Հուլիսի 26-ի վաղ առավոտյան իր մեքենայով ոստիկանական պատնեշը և կրակոցները հաղթահարել ու ՊՊԾ գնդի տարածք է ներխուժել Արթուր անունով մի երիտասարդ և սնունդ է հասցրել զինյալներին:

 

Վերադառանանք վիրավորված ու հիվանդանոցում կալանավորված զինյալներին: Ակնհայտ է, որ վաղ թե ուշ այս մեղադրանքներով կալանավորում սպառնում է զինված խմբի մյուս անդամներին: Երեկ Խորենացի փողոցում զինյալներին աջակցելու էր եկել ավելի շատ մարդ` շուրջ 1500, հարթակում են հայտնվել նոր մարդիկ` Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, երգահան Ռուբեն Հախվերդյան: Սրանով հանդերձ շարժման զարգացման համաժողովրդական դառնալու հեռանկարը տեսանելի չէ: Հարթակից հնչող քննադատություններն ու կարգախոսները ծանոթ են, գործածվում են արդեն 25 տարի: Մի փոքր արմատականնությունն է շատ ու ոչ քաղաքական բառապաշարը

 

Երեկ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հանդես են եկել ավելի կոշտ հայտարարություններով: Թեև Ոստիկանության արգելք և երեկ դարձյալ հանրահավաք անցկացվեց Խորենացի փողոցում, սակայն դրան հետևեց շուրջ 7 տասնյակ քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացը: Հիշեցնեմ` այս պահին կալանավորված է զինված խմբի երկու անդամ, զինված խմբին աջակցելու մեղադրանքով անազատության մեջ է 6, իսկ Ոստիկանության հետ հուլիսի 20-ի բախումների համար՝ տասը մարդ: Այս թվերն ամեն րոպե կարող են աճել, որովհետև ձերբակալությունները շարունակվում են, աճում է հետախուզվողների թիվը:

 

Կեսգիշերին ֆեյսբուքյան գրառում էր կատարել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարանոյանն՝ ահազանգելով, որ զինյալները ՊՊԾ գնդի տարածքում անկանոն կրակհաերթ են արձակում՝ վտանգելով իրավապահների և հարակից տարածքների բնակչության անվտանգությունը: Ասել է թե, լարվածությունը գնալով մեծանում է, ու մարդիկ որևէ հանգուցալուծման են սպասում: Հուլիսի 23-ից հետո, երբ ազատ արձակվեցին վերջին պատանդները, մարդիկ հաճախ էին հարցնում` ինչու է ուշանում իրավապահների ներխուշումը ՊՊԾ գնդի տարածք: Հարցը փոքր-ինչ հակահումանիստական ու ոչ համարժեք է, կա մարդկային գործոն, մարդիկ են ոչ միայն ազատված պատանդները, այլ նաև զինյալները, ովքեր անշուշտ պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործության համար, սակայն ոչ թե կյանքով, այլ օրենքի առաջ: Իշխանությունները պատասխանատվություն են կրում մեր հասարակության, միջազգային հանրության առաջ և ձգտում են ճգնաժամը հաղթահարել խաղաղ միջոցներով: Մի հանգամանք ևս կա, որը ցավալի է, սակայն  չեմ ուզում այն  շրջանցել: Մեր հասարակության մեծամանսնությունը չի ընդունում զինված խմբի վարքագիծը, սակայն նույն այդ մեծամասնությունը չի վստահում նաև իշխանություններին ու թերևս չի էլ աջակցի նաև նրանց գործողություններին

 

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ ճգնաժամային այս իրավիճակը պետք է կայունանա: Մեր երկիրը նման ռեսուրս չունի: Խաղաղ լուծումն ու արյունահեղության կանխումը կարևոր են, բայցկարևոր են նաև երկրի միջազգային հեղինակությունը, Հայաստանի և ԼՂՀ անվտանգությունը: Իշխանությունների հնարավոր վարքագծի վրա այս գործոններից յուրաքանչյուրն ունի որոշակի ազդեցություն: Իշխանությունների և զինյալների բանակցությունները 4 օր ընդհատված են, ամեն օր տեղի է ունենում լոկալ բախումներ, ձերբակալություններ, գույքի վնասում: Այսօր առավոտյան զինյալները ՊՊԾ գնդում պատանդառել են 4 բուժաշխատողի: Կնշանակի՝ ամեն օր փակվում է խաղաղ հանգուցալուծման ևս մեկ պատուհան: Ինչո՞ւ է ուշանում ուժայինների ներխուժումը ՊՊԾ գնդի տարածք: Այս հարցը գուցե դարձյալ հակահումանիստական է հնչում, սակայն ծնվում էփակուղային իրավիճակից:

 

Սարգիս Հակոբյան