Չնայած պայմանավորված քաղաքամայր Երևանում տեղի ունեցող աննախադեպ գործընթացներով՝ բոլորիս հայացքը հիմնականում ուղղված է մնում Խորենացի փողոցում տեղի ունեցող դեպքերին, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացները կանգ են առել, իսկ աշխարհն էլ դադարել է ապրել իր առօրյայով:

 

Այսպես՝ պարզվում է՝ արցախյան խնդրի շուրջ բանակցային պրոցեսը հետզհետե նոր շրջադարձ է սկսում ստանալ, ու դեռևս հայտնի էլ չէ, թե այդ ամենն ինչով է ավարտվելու մեզ համար.Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների հաջորդ ռաունդը անցկացնել օգոստոսին և նորից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Նա հաղորդել է, որ այդ թեմայով քննարկումներ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

 

Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ էին գնում այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ջանում են հնարավորինս շուտ կազմակերպել երկու նախագահների հանդիպումը Փարիզում:

 

Անկախ այն բանից, թե ով ինչ նախատրամադրվածություն կամ ինչ աշխարհաքաղաքական հայացքներ կարող է ունենալ, համաձայնե՛ք, առաջին հայացքից բավական տարօրինակ է թվում Արևմուտքի պահվածքը մի տարածաշրջանային հակամարտության լուծման գործում, որն ուղղակիորեն առնչվում է Եվրոպայի անվտանգությանը. այնպիսի տպավորություն է՝ կարծես Վաշինգտոնը «լվացել է ձեռքերն» ու քաշվել մի կողմ ու սառնասրտորեն հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում կամ կարող է այսուհետ ևս տեղի ունենալ Ղարաբաղի հարցում:


Անշո՛ւշտ, թերագնահատել արևմտյան աշխարհի ջանքերը «Քառօրյա պատերազմից» հետո տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղության հաստատման գործում, ոչ մի կերպ չես կարող, բայց այն, որ Արևմուտքն ակնհայտ պասիվություն է դրսևորում, անվիճելի է: Ուրեմն՝ ինչի՞ հետ սա կարող է պայմանավորված լինել:

 

Բանն այն է, որ ամենևին էլ չի բացառվում՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հարցում նախաձեռնությունը զիջելու Մոսկվային, իրականում կարող է վկայել ոչ միայն կամ ոչ այնքան այս հարցում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև տիրող ներդաշնակության մասին, որքան՝ մեկի ցանկությամբ՝ ի չիք դարձնելու մյուսի քաղաքական կապիտալն ու համաշխարհային հեղինակությունը: Այլ կերպ ասած՝ ամենևին էլ սխալ չէ այն պնդումը, որ արևմտյան վերլուծական կենտորններն այս հարցում իրենց խաղադրույքը կատարել են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերջնական տապալման վրա. նրանք շատ լավ գիտեն, որ այս խնդիրը, ինչպես և մերձավոր արեևելյանն, ամենևին էլ չի պատկանում հեշտ լուծելի կոնֆլիկտների թվին, ուԱրևմուտքում առավել քան վստահ են՝ որքան էլ Պուտինը փորձի սեփական հեղինակությունն ու տրամադրության տակ ունեցած ճնշման լծակները բանեցնելով հասնել խնդրի լուծմանը՝ դա ոչ մի կերպ նրա մոտ չի ստացվելու, ու արդյունքում հեղինակազրկվելու է՝ ՌԴ համար դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ:


Մյուս կողմից՝ Վաշինգտոնի նման դիրքրոշումը բացատրվում է նաև ԱՄՆ ցանկությամբ՝ Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման չգնալու, քանի որ առնվազն այս փուլում նրան անհրաժեշտ չէ ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վատթարացում. զերծ են մնում բոլոր կամուրջներն այրելու անհեռանկարային պրակտիկայից:


Թե ինչի կարող է հանգեցնել Արևմուտքի նման պահվածքը Հայաստանին՝ կարելի է միայն կռահել, բայց դատելով ապրիլյան տխրահռչակ դեպքերից՝ Արևմուտքի մի կողմ քաշվելն ու ողջ նախաձեռնությունը Պուտինին զիջելն ամենևին էլ չի բխելու հայկական կողմի շահերից, քանի որ Մոսկվան այս հակամարտությունում որպես հիմնական զիջող կողմ դիտարկում է բացառապես Հայաստանին՝ չունենալով Ադրբեջանի վրա ներազդելու անհրաժեշտ լծակներ. ազերիները Ռուսաստանից ոչ մի կախում էլ չունեն իրականում, մինչդեռ Հայաստանի գոյությունն իսկ կախված է լոկ ՌԴ բարի ցանկությունից. ինչո՞ւ, դատե՛ք ինքներդ…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ