Պատանդ վերցնելը և պահելը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Հուլիսի 28-ին լրագրողների հանդիպման ժամանակ ՊՊԾ գնդում զինված խմբի կողմից պատանդ վերցնելու վերաբերյալ այս մասին նշեց փաստաբան Արմինե Ֆանյանը:

 

«Պատանդ վերցնելը և պահելը նախատեսված է քրեական օրենսգրքի 218 հոդվածով, որը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Դա հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է և բավականին լուրջ պատիժ է սահմանում»,- ասաց Ֆանյանը: Նրա խոսքով՝ մարդասիրական գործառույթ իրականացնող սուբյեկտների պատանդ վերցնելու դատապարտումը միջազգային նորմերով է սահմանված:

 

«Անգամ պատերազմական գործողությունների ժամանակ բժշկական օգնություն ցույց տվող մարդկանց պատանդ վերցնելը, նրանց կյանքը վտանգող որևէ գործողություն կատարելն արգելված է»,- ասաց փաստաբանը:

 

Հուլիսի 27-ին հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բուժաշխատողներին' «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկներ Նորայր Թևանյանին և Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: Ավելի ուշ բուժակ Դավիթ Տոնոյանը ազատ է արձակվել:

 

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

 

«Շտապօգնության» բժիշկներն առաջարկել են ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի վիրավոր անդամներին տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանք մերժել են: Զինված խմբի անդամները պահանջել են, որ Առողջապահության նախարարը ներկայանա և տեղում վիրահատություններ կազմակերպվի: