Բոլորին է հայտնի, որ հատկապես վերջին ժամանակներս Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերն ու ֆինանսական վիճակն ամենևին էլ նախանձելիներից չէ, իսկ բոլոր այն կանխատեսումները, համաձայն որոնց՝ առաջիկա տարում ունենալու էինք դրական տեղաշարժ, կարծես՝ հետզհետե հօդս են ցնդում՝ չարդարացնելով լավատեսական կանխատեսումները.միանգամայն իրական է դարձել բյուջեի թերակատարման վտանգը, որը կանխելու համար կառավարությունից ահռելի ջանքեր ու եռանդ է պահանջվելու:


Ինչպես հայտնի է, Արթիկում հզոր ջրհեղեղի հետևանքների վերացման շրջանակներում կառավարությունը պետական սուղ միջոցներից գումար պետք է հատկացներ՝ օգնելու այն քաղաքացիներին, որոնք ակամա դարձել էին կույր աղետից տուժածներ: Պարզվում է, սակայն, որ, այսպես ասած, շահառուների թվում հայտնվել են ոչ միայն տեղի անապահով խավի ներկայացուցիչները(քաղաքի բնակչության 99.9 %-ը հենց այդպիսին է), այլև ՀՀ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարազատներըպատգամավորի ընտանիքը պահանջել էր քաղաքապետարանի բյուջեից փոխհատուցել իրենց կրած մի քանի հարյուր հազար դրամի վնասները, ինչպես մնացած' անապահով ընտանիքների դեպքում, քանի որ ջրհեղեղը վնասել էր նրանց գույքը:


Այստեղ հետաքրքրականն այն է, սակայն, որ ջրհեղեղից տուժած ընտանիքի զավակը ոչ թե ասենք սովորական մեկն է՝ մի կերպ սեփական գոյությունը քարշ տվող ու օրվա հացին՝ կարոտ, ինչպիսին տուժածների բացարձակ մեծամասնությունն է, այլ մի ողջ պատգամավոր, որի ունեցվածքի ահռելի ծավալների մասին իսկական լեգենդներ են հյուսվում. ինչպես տեղեկանում ենք համապատասխան պաշտոնական փաստաթղթից, Պետոյանը 2012-ին պատգամավոր դառնալիս հայտարագրել էր երկու ավտոմեքենա' «TOYOTA LAND CRUISER» եւ «BMW X5» մակնիշների, երկու ընկերության բաժնեմաս, 60 հազ. դոլար եւ 40 մլն դրամ դրամական միջոց:


2015-ին դրամական միջոցները եղել են 140 մլն դրամ եւ 106 հազ. դոլար: Ամսական 520 հազար դրամ աշխատավարձից բացի՝ 2015-ին հայտարարագրել է 28 մլն դրամի եկամուտ:Համաձայնե՛ք՝ այսքանից հետո դժվար է պնդելը, թե չէր կարողանա մի քանի հարյուր հազար դրամի կրած վնասը փոխհատուցել:

 

Հետո էլ երբեմն զարմանում ենք, թե ինչպես է պատահում, որ Հայաստանի «մեկը երկուս չի դառնում», ինչպես է պատահում, որ մենք այդպես էլ չենք կարղանում ոտքի կանգնել ու երկիրը զարգացման հունի վրա դնել. պատճառը, թերևս, «շնից մազ պոկելու» արատավոր մտածելակերպն է, երբ մարդիկ, բայց հատկապես երկրիս պաշտոնյաները պետական սուղ միջոցներին վերաբերվում են ոչ թե այնպես, ինչպես կվերաբերվեին ասենք սեփական ընտանեկան բյուջեին, այլ կամայական վերաբերմունք են ցուցաբերում՝ որքան հնարավոր է շատ պոկելու ցանկությամբ ներշնչված. արդյունքում՝ երկրաչափական պրոգրեսիայով մեծացող պետական պարտք, օրեցօր հյուծվող ու քայքայվող ֆինանսատնտեսական համակարգ:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ