Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն այն մտքին, որ վերջին տասնօրյակում Երևանում տեղի ունեցող իրադարձություններն, իրոք, կարելի է համարել աննախադեպ թե՛ իրենց մասշտաբայնությամբ, թե՛ սրությամբ ու թե՛ ստացած արձագանքով: Մատների վրա կարելի է հաշվել վերջին տասնամյակներին Հայաստանում տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք այսչափ լայն արձագանք ստացած լինեին համաշխարհային հանրության՝ մասնավորապես՝ առաջատար ԶԼՄ-ների կողմից ու վերլուծվեին այնքան, որքան այս մեկը:


Ինչ խոսք՝ նման իրադարձությունները, բացի այն բանից, որ դառնում են իսկական փորձաքար ուժայինների համար, նաև յուրատեսակ ստուգատեսի են վերածվում պետական այլ կառույցների ու օղակների պարագայում նույնպես, ինչից, պարզվում է, ոչ բոլորն են կարողանում պատվով դուրս գալ:

 

Այն, որ դրամատիկ իրադարձությունների սկզբից ևեթ ՀՀ Ազգային ժողովի բռնած դիրքն ու կեցվածքն անհամապատասխան էին տեղի ունեցող իրադարձությունների մասշտաբներին, աչքի էր զարնում արդեն ամենասկզբից. իշխանական պատգամավորների կրավորական կեցվածք, խուսափողական պատասխաններ, բանից անտեղյակության ցուցադրում և այլն՝ բաներ, որոնք վկայում էին ոչ այնքան նրանց ոչ կոմպետենտության, որքան կախյալ վիճակի մասին. ակնհայտ էր, որ այսպիսի պահվածքի բուն պատճառն այն էր, որ նրանց վերևից հրահանգվել էր՝ ծպտուն չհանել, վիճահարույց հարցերից խուսափել ու ձևացնել, թե ամեն բան նորմալ է, բնական:


Իհարկե, այն, որ հայրենի պատգամավորներն իրենց ընտրվելուց հետո՝ հետագա տարիներին գրեթե պարապուրդի են մատնվում՝ բացառությամբ թերևս մի քանի հոգու, հանրահայտ իրողություն է: Համաձայնե՛ք, սակայն, որ երկրի համար այս ճակատագրական օրերին, երբ Հայաստանի գլխին բառացիորեն կախված է մնում մասսայական արյունահեղության ու անգամ քաղաքացիական պատերազմի վտանգը, անհանդուրժելի է մեր երեսփոխաններից շատերի կողմից դրսևորած բացարձակ անտարբերությունն ու ցուցաբերած անպատասխանատվությունը, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես են կարողանում վայելել իրենց ամառային հանգիստն այն պարագայում, երբ պետականությունն, ըստ էության, ցնցումների մեջ է հայտնվել. կատարյալ աբսուրդ…


Իհարկե, կարծել, թե, եթե սույն իրադարձությունները չհամընկնեին ԱԺ ամառային արձակուրդների հետ, ապա պատգամավորները գլխապատառ շտապելու էին արտակարգ ռեժիմով աշխատել ու ստեղծված իրավիճակից ելքեր մշակել, կատարյալ միամտություն կլիներ, քանի որ պարզից էլ պարզ է, թե ԱԺ նմանօրինակ պասիվության բուն պատճառն ինչն է. վերևներից իջեցված հրահանգն է պատգամավորների դրսևորած կոլեկտիվ անպատասխանատվության հիմքում ընկած, ինչը նշանակում է, որ անկախ այն բանից՝ ամա՞ռ է, թե ձմեռ, ոչինչ էլ չէին անելու ու ջուրը բերաններն առած՝ շարունակելու էին հետևել Խորենացի փողոցում տեղի ունեցող բուռն իրադարձություններին. մեզանում երկրիս գլխավոր օրենսդիր մարմինը երբեք էլ ինքնիշխան չի եղել, ինչն, անկասկած, մեր երկրի դժբախտության ակունքներից մեկն է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ