ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման փաստի առնչությամբ:

 

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները 2016թ. հուլիսի 17-ին զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին' ժամը 19.50-ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ը նթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան): Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:

 

«Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»,-ասված է ԼՈՒՐԵՐ.com-ին տրամադրված պարզաբանման մեջ: